ԶԼՄ–ների քննարկման թեմա դարձած հայ տղայի մայրն ասել է, որ տեղյակ չի էլ եղել, թե ինչ հաղորդման է մասնակցում որդին:
Թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում «իսլամ ընդունած» 13-ամյա հայ տղայի՝ Արթուրի մայրը վստահեցնում է, որ տղան կնքված է, և այն, ինչ տեղի է ունեցել եթերում, երեխայական հետաքրքրասիրություն է եղել։
Օրերս հայկական և թուրքական լրատվական ու սոցիալական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը: Մայիսի 11-ին Ստամբուլում բնակվող 13-ամյա Արթուրը մասնակցել էր թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդմանը, որտեղ հայտնել է, որ ցանկանում է մահմեդականություն ընդունել: Հաղորդավարը պնդել էր, որ իրենք կապ են հաստատել Արթուրի մոր և խորթ հոր հետ ու ստացել վերջիններիս համաձայնությունը երեխայի կրոնափոխության հարցում:
Միջադեպի մանրամասները ճշտելու համար «Ermenihaber.am»-ը կապ է հաստատել Արթուրի մոր՝ Ալինա Ենգիբարյանի հետ: Նա հերքել է որդու կրոնափոխ լինելու հանգամանքը։ «Արթուրը կնքված է. հաճախում է հայկական եկեղեցի»,– ասել է նա:
Անչափահասի մայրը նաև ավելացրել է, որ ինքը իրականում տեղյակ չի էլ եղել, թե ինչ հաղորդման է որդին մասնակցում:
«Ես իմացել եմ, որ Արթուրը ներկա է լինելու հաղորդմանը, բայց չեմ պատկերացրել, որ նա բեմ կբարձրանա և այդպիսի բան տեղի կունենա: Եթե ես տեղյակ լինեի, և իմ համաձայնությունը լիներ, ես ինքս այնտեղ կլինեի»,- ասել է Ենգիբարյանը:
Ալինան նաև նշել է, որ իրեն զանգել են հաղորդումից, բայց ինքն էլ չի հասկացել, թե ինչ հաղորդում է և ինչի մասին է խոսքը:
Նա շեշտել է, որ երեխան գիտակցված չի գործել, զուտ երեխայական հետաքրքրասիրություն է եղել:
«Իմ երեխան չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Հետաքրքրությունից դրդված իր ընկերոջ հետ գնացել է այդ հաղորդմանը, միամտություն է արել: Նա ինձ ասում է . «Մամ տեսար, մեզ հեռուստացույցով ցույց տվեցին, մենք հայտնի դարձանք: Ես նրան բացատրում եմ, որ իր միամիտ քայլի պատճառով մենք վատ վիճակում ենք հայտնվել: Նա դեռ երեխա է, չի հասկանում»:
Կինը նաև հերքեց, որ Արթուրը խորթ հայր ունի՝ շեշտելով, որ խոսքը ընտանիքի՝ ազգությամբ թուրք ծանոթի մասին է, որի հեռախոսահամարը գտել են Արթուրի հեռախոսում և զանգահարել՝ թույլտվություն ստանալու համար: