Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կոպիտ ու սխալ հաշվարկ էր Արցախի նախագահին դնել այսպիսի ծանր իրավիճակի մեջ… Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության համաձայն՝ Հայաստանի ազգային անվտանգության առանցքային խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այդ կարևորագույն փաստաթղթով Հայաստանն իրեն համարում է Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը:
Վերը նշված ձևակերպումները բավական են հասկանալու համար, թե ինչ նշանակություն ունի Արցախը և նրա բնակչությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար: Արցախը մեր հայրենիքն է և վերջ: Ինձ բոլորովին այլ բան է մտահոգում: Արդեն բացահայտ ուղղակի և անուղղակի կերպով ճնշում է գործադրվում Երևանում տեղի ունեցող գործընթացների վրա՝ շատ լավ հասկանալով, որ մենք չափից դուրս զգայուն ենք Արցախի նկատմամբ:
Ժողովու՛րդ, Ռոբերտ Քոչարյանն Արցախը չէ, և նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն էլ չի կարող դիտարկվել որպես վերաբերմունք Արցախի նկատմամբ: Ուզենք, թե չուզենք` Արցախի գործող ու նախկին նախագահների միջնորդությունները ոչ միայն ծանրակշիռ են և տեղավորվում են նաև բարոյական հարթության վրա, այլև ուղղակի քաղաքական ժեստ ու կոնկրետ վերաբերմունքի դրսևորման ձև են Մարտի 1-ի քրեական գործի նկատմամբ:
Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ արձագանք կստանա և ինչպիսի հետևանքներ կունենա, եթե դատարանը հարգի նախագահների դիմումը, և Ռոբերտ Քոչարյանն անձնական երաշխավորությամբ հայտնվի ազատության մեջ: Բայց մի պահ էլ պատկերացրեք դատարանի դահլիճից գլխիկոր ու մերժված հեռացող Արցախի նախագահին… Կոպիտ ու սխալ հաշվարկ էր Արցախի նախագահին դնել այսպիսի ծանր իրավիճակի մեջ:
Անհրաժեշտ է շատ արագ կասեցնել Հայաստանի ու Արցախի միջև խորացող անվստահությունը: Գոնե իմ կարծիքով Արցախի նկատմամբ ունեցած վերը նշված մանդատը լիարժեք հնարավորություն է տալիս Հայաստանին ուղղակիորեն միջամտելու և պարզապես ցրելու Արցախում խմորվող որոշակի մթնոլորտը»: