Մահվան ելքով վրաերթ Երևանում. թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինը տեղում մահացել է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մահվան ելքով վրաերթ Երևանում. թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Հիգեռ Higer KlQ 677 OG մակնիշի 4529 Տ համարանիշի երթուղային ավտոբուսը Հունան Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կամո Միքայելյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 3 երթուղին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com