Հովհաննես Թումանյանի թանգարանը հանրությանը ներկայացրեց թումանյանական գինիների շարքը
Advertisement 1000 x 90

Հովհաննես Թումանյանի թանգարանը հանրությանը ներկայացրեց թումանյանական գինիների շարքը

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի շրջանակում գրողի թանգարանը և «Արմենիա Վայն» ընկերությունը համատեղ նախաձեռնությամբ թողարկել են «Տակառ» գինիների հատուկ շարքը: Գինիները փաթեթավորված են հոբելյանական հատուկ դիմապիտակներով և թումանյանական քառյակներով։

Գինիների շարքը ներկայացվեց մայիսի 16-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում:

«Թումանյան բանաստեղծին, պոետին ու հասարակական գործչին հանրությանը ներկայացնելուց բացի, թանգարանը ցանկանում է մարդկանց ծանոթացնել Թումանյան հոր, ընկերոջ հետ:

Հայտնի է, որ նա շատ հյուրասեր մարդ էր, և Թումանյանի տան դռները միշտ բաց էին մարդկանց առաջ: Ընկերական միջավայրում բանաստեղծն ուշադրության կենտրոնում էր նաև որպես թամադա: Սիրել է քեֆ և ուրախություն: Նրա ձեռքին միշտ եղել է գինու թասը, որով կենացներ է խմել»,- նշեց թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանն ու հավելեց, որ թանգարանում պահվում է այն բաժակը, որով Թումանյանը կենացներ է ասել:

Նա ընդգծեց, որ Թումանյանին այդ կողմից ներկայացնելու լավագույն միջոցը գինու տեսքով հուշանվերներ թողարկելն էր:

Հուշանվերներին կցված է փոքրիկ գրքույկ, որում պատմվում է, թե Թումանյանն ինչ մեծ վարպետությամբ է խնջույքներ վարել:

Նոր գինիները հնարավոր է ձեռք բերել հենց թանգարանի հուշանվերների բաժնից: Շուտով դրանք սահմանափակ քանակությամբ հասանելի կլինեն նաև առևտրային և ժամանցային կենտրոններում:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ «Արմենիա Վայն» ընկերության հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, որի համաձայն ընկերությունը թանգարանին աջակցելու է տարբեր ծրագրերի իրականացման գործում: