Երկանյանը` Մխիթարյանին. մահափորձը քիչ հավանական է, բայց Բաքվում վախենալու առիթներ կլինեն. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երկանյանը` Մխիթարյանին. մահափորձը քիչ հավանական է, բայց Բաքվում վախենալու առիթներ կլինեն. armeniasputnik.am

Չնայած Ադրբեջանի իշխանությունների հավաստիացումներին, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը կապահովվի, TheTimes–ը հաղորդում է, որ հայ ֆուտբոլիստի Բաքու մեկնելու հավանականությունը մոտ է զրոյին։ Նշենք, որ Բաքվում մայիսի 29–ին Եվրոպայի լիգայի եզրափակչում «Արսենալը» կհանդիպի «Չելսիի» հետ։ Ի դեպ, «Արսենալը» հանդես եկել հայտարարությամբ` նշելով, որ նպատակահարմար չէ Ադրբեջանում լոնդոնյան դերբի անցկացնելը, քանի որ երկու անգլիական ակումբների երկրպագուների համար նախատեսված տոմսերի քանակը կազմում է Բաքվի 70–հազարանոց մարզադաշտի տեղերի 1/5–ը միայն։

Հասկանալի է, որ եզրափակիչը Մառախլապատ ալբիոնի ափեր տեղափոխելը, ինչպես նաև դրանում Մխիթարյանի մասնակցությունը քիչ հավանական է։ Բայց եթե Հենրիխը համարձակվի մեկնել Բաքու, ապա նման ուղևորությունների միջով անցած մեր հայրենակիցները չեն բացառում, որ նրա հիշողությունները կարող են համալրվել ահասարսուռ պատմություններով, որոնք ժամանակի ընթացքում կպատվեն ժպիտով։

Հայտնի հայ լրագրող, «Շանթ» հեռուստաալիքի մեկնաբան Արտյոմ Երկանյանը 2001թ.–ին եղել է Բաքվում։ Նա ընդգրկվել է Ադրբեջան մեկնող լրագրողների հայկական պատվիրակության կազմում։ Հակամարտության կողմերը զինադադարի հաստատումից հետո որոշ ժամանակ փորձարկել են ժողովրդական դիվանագիտության նման ձևաչափը Հեյդար Ալիևի կառավարման շրջանում։ Ադրբեջանի ներկայացուցիչներն այդ ժամանակ այցելել են ոչ միայն Երևան, այլ նաև Արցախ։

Երկանյանի խոսքով` չնայած հանդիպումների բոլոր մասնակիցների և սպասարկող անձնակազմի ընդգծված կոռեկտ վերաբերմունքին, նրանց կցել են փորձառու թիկնապահներ։ Ինչպես պարզվել է` ոչ իզուր։

«Մի անգամ ճաշում էինք ռեստորանում։ Թիկնապահները գիտակցաբար պատվիրակության հայ անդամներին նստեցրել էին խորքերում, որպեսզի մենք աննկատ և անհասանելի լինեինք այցելուների համար։ Խնջույքի թեժ պահին հայտնվեց անհայտ, ագրեսիվ մի տղամարդ, որը նետվեց մեր կողմը` գոռալով «էրմենի, էրմենի»։ Նրա ձեռքում մենք տեսանք դանակի նման առարկա։ Թիկնապահներն արագ վնասազերծեցին նրան։ Նրանք հեռացրին հարձակվողին և վերադարձան վերնաշապիկների վրա արյան հետքերով», – պատմում է Երկանյանը։

Հաջորդ միջադեպը կրկին ռեստորանում է գրանցվել, և ամեն ինչ ավելի զավեշտալի է եղել։

«Մատուցողուհին տաք ապուր էր բերում և չգիտես ինչու «պատահաբար» լցրեց հենց ինձ վրա։ Բանն այն է, որ ինձ այդ ժամանակ Բաքվում շատերը ճանաչում էին։ Այդ տարի մենք ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ հեռուստատեսային նախագիծ էինք անում։ Ամեն շաբաթ անցկացվում էր Երևան–Բաքու հեռուստակամուրջ` հյուրերով և սյուժետներով, որտեղ ես հայկական կողմի հաղորդավարն էի։ Հաղորդումը հեռարձակվել է երկու երկրներում «փրայմ թայմին»։ Իհարկե, մատուցողուհին ներողություն խնդրեց, բայց ուսս վառվել էր», – պատմեց Երկանյանը։

Հայ լրագրողին այդ դեպքը թվացել է ցուցադրական, բեմադրված։ Հիմա նա հումորով է հիշում այդ մասին, բայց ասում է, որ Բաքվում մթնոլորտն ամեն դեպքում լարված էր։ Ուղեկցող անձինք, կազմակերպիչները և զրուցակիցները մշտապես ընդգծել են, որ ղարաբաղյան պատերազմը խոր հետք է թողել տեղի բնակիչների հիշողության մեջ, ուստի այդ հոգեբանական գործոնը չի կարելի հաշվի չառնել հասարակական վայրերում հայտնվելիս։

Այնպես որ, մի անգամ Բաքվում եղած հայտնի հայ լրագրողը խորհուրդ է տալիս Հենրիխ Մխիթարյանին պատրաստել լինել «հետաքրքիր» արկածների. հետո հիշելու բան կլինի։

Sputnik Արմենիային հայտնի է մեկ այլ դեպք` կապված հայ իրավապաշտպաններից մեկի` Բաքու մեկնելու հետ։ Նրա ամբողջ ծրագիրը լուսաբանել են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Թռիչքի օրը օդանավակայանում եղել է ութ հեռուստատեսային տեսախցիկ։ Եվ հենց այն պահին, երբ դրանք միացել են և ուղղվել հայ իրավապաշտպանի կողմը, նրա կողքին հայտնվել է անծանոթ մարդ և ապտակել նրան։ Այդ մարդուն արագ մի կողմ են քաշել, բայց ապտակը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում։ Կազմակերպիչները ներողություն են խնդրել և բացատրել, որ այդ մարդը ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ է, դրա համար այդքան անզուսպ և զգացմունքային է արձագանքել հայի հետ պատահական հանդիպմանը։

armeniasputnik.am