Երեկ ԵՊՀ-ն նշում էր հիմնադրման 100-ամյակը։ Համալսարականներին վրդովվեցրել էր այն հանգամանքը, որ միջոցառմանը և Մայր բուհի 100-ամյակին որևէ կերպ չէր անդրադարձել Հանրային հեռուստաընկերությունը։ Armdaily.am-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանը նշեց, որ պատշաճ հրավեր չի եղել.
«Նախ ես ԵՊՀ շրջանավարտ եմ և դժգոհություն չեմ արտահայտում։ Հետո էլ՝ ինչ ձևի մեզ ծանուցել են, այդպես էլ լուսաբանել ենք։ Թող պատշաճ ծանուցեին միջոցառումներ մասին, մենք էլ պատշաճ կլուսաբանեինք»։
Դիտարկմանը՝ եթե ԵՊՀ-ից գլխավոր միջոցառման հրավեր չէր եղել, բայց կարող էր չէ Հանրային հեռուստաընկերությունը որևէ ձևով անդրադառնալ, լուսաբանել 100-ամյակը, Ղազարյանը վրդովվեց և նշեց, որ քիչ առաջ հարցը եղել էր գլխավոր միջոցառման մասին, հիմա ինչու եք այդ հարցը տալիս.
«Մի հատ կողմնորշվեք։ԵՊՀ-ի լուսաբանումը ԵՊՀ-ի շենքի դիմացի համերգը չի։ ԵՊՀ-ում լուրջ միջոցառումներ կան, մենք դա միշտ լուսաբանել ենք»։
ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին -Տերյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բոլորին հրավերներ ուղարկել են.
«Պարզապես ֆայլի վերնագիրը եղել է՝ միջոցառումներ Գյումրիում, դրա համար էլ թյուրիմացություն է առաջացրել։ Բայց մեր ֆեյսբուքյան էջում և կայքում մանրամասն գրված է եղել։
Սակայն հարցն այն է, որ կան հեռուստաընկերություններ, որոնք նյութ են պատրաստել ԵՊՀ-ի մասին, թեկուզ առանց համերգի, բայց Հ1-ը ոչ մի ձևով չի անդրադարձել»։
Էմին-Տերյանի համոզմամբ, այստեղ պարզապես թյուրիմացություն է եղել և պետք չէ վրդովվել.
«Մենք այսօր էլ միջոցառում ունենք, որի մասին պատշաճ ծանուցել են և կարող են ցանկացողները լուսաբանել»։