Հենրիխ Մխիթարյանը գտնվում է ՈՒԵՖԱ-ի իրավասության ներքո և չպետք է ստիպված լինի բաց թողնել այդ կազմակերպության ամենահնչեղ իրադարձություններից մեկը միայն իր ազգային պատկանելիության պատճառով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը հայ ֆուտբոլիստի մասնակցության հարցին:
Ս. Ֆարմանյանի գրառումն անգլերեն է, ներկայացնում ենք դրա հայերեն տարբերակը:
«Լոնդոնից և Նիոնից եկող լուրերը հիասթափեցնող են թվում․ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մայիսի 29-ին նախատեսված եզրափակիչ հանդիպումից ընդամենը երկու շաբաթ առաջ Արսենալի հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հակասական կերպով կասկածի տակ է։
Այս անընդունելի փակուղու պատճառը Միկիի քաղաքացիությունն է, հանգամանք, որ աշխարհով մեկ սփռված ֆուտբոլի երկրպագուների մոտ ծիծաղ կառաջացնի։ Ադրբեջանը շատ երկար ժամանակ է, ինչ իրականացնում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, այլ նաև այլ երկրների քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերին իրենց երկրի մուտքի թույլտվություն և անվտանգության երաշխիքներ տալը մերժելու անառողջ քաղաքականություն։ Այս ամենը տասնամյակներ շարունակ ուղեկցվել է հայերին իբրև Ադրբեջանի թշնամի ներկայացնելու քարոզչությամբ և նրանց հանդեպ ատելություն սերմանելու պետական քաղաքականությամբ։
Հենրիխ Մխիթարյանը գտնվում է ՈՒԵՖԱ-ի իրավասության ներքո և չպետք է ստիպված լինի բաց թողնել այդ կազմակերպության ամենահնչեղ իրադարձություններից մեկը միայն իր ազգային պատկանելիության պատճառով։
Եթե Ադրբեջանը պատրաստ չէ Միկիին տրամադրել համոզիչ և հիմնավոր երաշխիքներ, ապա Եվրոպայի լիգայի՝ Բաքվում նախատեսվա եզրափակչի չեղարկումը դառնում է այս ամոթալի իրավիճակից դուրս գալու միակ արժանապատիվ ճանապարհը։
Ժամանակակից ֆուտբոլն ու սպորտն ընդհանրապես խտրականությունն ու ռասիզմը մերժելու նշանաբանն ունեն։ Ադրբեջանին չպետք է թույլատրվի ջարդել այդ նշանաբանը։ Այն կարող է վատագույն նախադեպը դառնալ»։
Սամվել ֆարմանյանը գրառման տակ նշել է նաև ՈւԵՖԱ-ին, Եվրոպա լիգային, Արսենալին, Չելսիին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: