
Ոստիկանությունը նոր ուժեր է բերում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ, որտեղ ժամը 16-ին սպասվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշման հրապարակումը:
Նախորդ օրերի համեմատ այսօր դատարանի շենքի մոտ ավելացել է թե՛ ի պաշտպանություն Քոչարյանի և թե՛ նրա դեմ ակցիաների մասնակիցների թիվը: Չնայած կոռեկտության և փոխադարձ վիրավորանքներ չհնչեցնելու՝ հակընդդեմ ակցիաների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը և ոստիկանների կոչերին, լարվածությունը պարբերաբար աճում է:
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:
Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ: