Երգչուհի Լիդուշիկը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի իր երկրպագուներին։ Ըստ 19-ամյա երգչուհու` այս աշխատանքը կարող է հետաքրքրել և՛ մեծերին, և՛ փոքրերին։ Tert.am Life–ը եղել է տեսահոլովակի նկարահանման հրապարակում և ներկայացնում է բեքսթեյջ լուսանկարներն ու մանրամասները։
«Ես ու դու» կոչվող երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Հարությունյանն է։
«Պարային ուրախ երգ է, շատ թեթև սիրային ուղղվածություն ունի, սակայն, որպես այդպիսին, շեշտադրումը դա չէ։ Կարծում եմ` կարող է հետաքրքրել և՛ մեծերին, և՛ փոքրերին»,– ասաց երգչուհին։
Տեսահոլովակը սյուժետային գիծ չունի։ Դրա հիմքում պարն է։ Լիդուշիկը ներկայանում է Քրիստինա Ավագիմյանի բեմադրած պարով։ Երգչուհու խոսքով` սիրում է պարել և բեմադրություն սովորելն իրեն բարդ չի տրվում։
«Մի փոքր բարդ էր, քանի որ աստիճանների վրա էինք պարում, ստիպված եղանք տեղում որոշ շարժումներ փոփոխել, բայց ամեն ինչ լավ անցավ։ Պարը բավականին արագ սովորեցի, առհասարակ, ինձ մոտ լավ է ստացվում պարն ընկալելը։ Փորձերի ժամանակ ամբողջ էներգիայով չեմ պարում, կողքից կարող են մտածել` հենց այնպես եմ պարում, բայց բուն նկարահանումների կամ համերգների ժամանակ սկսում ամբողջ էներգիայով տրվել գործին,– ասաց Լիդուշիկն ու հավելեց, որ առաջին անգամ տեսահոլովակում բարձրակրունկներով է ներկայանալու։ –Իհարկե, միայն ես գիտեմ` ժամեր շարունակ բարձրակրունկներով պարելուց հետո հաջորդ օրն ինչ վատ վիճակում էի, բայց, կարծում եմ, լսարանին հետաքրքիր կլինի»։
Ամբողջությամբ՝ life.tert.am