Էկվադորի իշխանություններն ԱՄՆ-ի ներկայացուցիչներին են հանձնել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի անձնական իրերն ու փաստաթղթերը, որոնք մնացել Էին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն այն բանից հետո, երբ ապրիլին ավստրալացին Մեծ Բրիտանիայի ոստիկանության կողմից ձերբակալվեց դիվանագիտական ներկայացուցչության տարածքում: Այդ մասին ասված է մայիսի 20-ի առավոտյան Twitter-ում WikiLeaks-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Էկվադորն Ասանժի բոլոր իրավաբանական փաստաթղթերը և նրա ձեռագրերը հանձնել է ԱՄՆ-ի դատախազությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: WikiLeaks-ում ընդգծում են, որ ո՛չ իրեն Ասանժին, ո՛չ նրա փաստաբաններին, ո՛չ էլ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին չի թույլատրվել հետևել «նրա ունեցվածքի առգրավման ապօրինի ընթացակարգին»:
Կազմակերպությունը հայտնում է, որ ԱՄՆ-ի իշխանությունների տրամադրության տակ են հայտնվել երկու ձեռագրեր, որոնց վրա աշխատում էր Ասանժը, բոլոր իրավաբանական փաստաթղթերը, որոնք նրա համար պատրաստել էին փաստաբանները, ավստրալացու բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև նրան պատկանող համակարգչային սարքավորանքը: