Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դե ֆակտո կասեցրել է կուսակցական գործունեությունը: Նախարարը ներկայացնում է Կառավարության դիրքորոշումը և որևէ մասնակցություն չի ունեցել այսօր «Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարության մշակման աշխատանքներում:
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նախարարության լրատվության վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը, որի անդամ է նաև Արտակ Զեյնալյանը, դատապարտող հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին:
Մասնավորապես, հայտարարության մեջ ասվում է, որ դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն դրսևորում է իբրև ընդդիմադիր և ձեռնարկում գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունը խոցելի են դարձնում միջազգային հարթակում և ազդելու են պետության հեղինակության վրա՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը»,- ասված է հայտարարության մեջ: