SHANTNEWS-ի բացառիկ հարցազրույցը «Գահերի խաղի» հայազգի ստեղծողներից մեկի հետ
Advertisement 1000 x 90

SHANTNEWS-ի բացառիկ հարցազրույցը «Գահերի խաղի» հայազգի ստեղծողներից մեկի հետ

«Գահերի խաղը» հեռուստասերիալն արդեն պատմություն է, և մեզ մնում է հետաքրքրվել սերիալի մասին պատմող հետաքրքիր փաստերով, դիտել մեր սիրելի դերասանների հարցազրույցներն ու սերիալի լավագույն դրվագները:

Չնայած բացասական կարծիքներին, այնուամենայնիվ, անժխտելի է այն փաստը, որ «Գահերի խաղը» կինոմատոգրաֆիայի պատմության մեջ ամենամասշտաբային սերիալներից մեկն է, որի ստեղծմանը մասնակցել են հազարավոր մարդիկ:

SHANTNEWS.am-ը հաճելի բացահայտում է արել: «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի վիզուալ էֆեկտների ստեղծմանը մասնակացել է նաև հայազգի մասնագետ Վահագն Ամիրխանյանը: Նա նախկինում եղել է «Արծրունի» խմբի կիթառահար, ինչպես նաև աշխատել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծի 1-2 եթերաշրջանում, որպես կիթառահար, իսկ այժմ նա աշխատում է վիզուալ էֆեկտներ ստեղծող գերմանական Scanline VFX միջազգային ստուդիայում: «Գահերի խաղը» հեռուստասերիալի ստեղծման  ընթացքում Վահագնը աշխատել է Pixomondo վիզուալ էֆեկտների ստեղծման միջազգային ստուդիայում:

Մեզ հետ զրույցում Վահագնը պատմեց, որ «Գահերի խաղն» իր առաջին աշխատանքը չէ: Մինչ այդ, այլ ֆիլմերի վրա նույնպես աշխատել է, բայց մեկնելու և մասնագիտության մեջ խորանալու հիմնական պատճառներից մեկը հենց հայտնի սերիալի վրա աշխատելու մեծ ցանկությունն է եղել:

«Ամեն ինչ սկսվեց նպատակից՝ աշխատել այն բնագավառում, որն ինձ ոգեշնչում է: Մտքիդ, որ մի բան դնում ես ու սկսում ես դրան ուղղված գործողություններ ձեռնարկել, տեսնել խնդիրներն ու լուծում տալ դրանց: Արդյունքում իրականանում է նպատակդ»,- ասել է Վահագն Ամիրխանյանը:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վահագնը պատմեց, որ մասնակցել է սերիալի պոստ-պրոդաքշնի աշխատանքներին՝ matchmove artist է: Matchmove-ն տեխնիկապես ռեալ տեսախցիկի,  շարժվող առարկաների և մարդկանց թվային վերարտադրումն է, որը թույլ է տալիս մաքուր ինտեգրել արհեստականորեն ստեղծված նյութն արդեն նկարահանած նյութում:

«Ինձ համար դա ամենահեքիաթային պահն է, երբ արհեստականն ու իրականը միաձուլվում են: Իմ աշխատանքը երևի թե ամենաաննկատն է, և որքան լավ ենք աշխատում, այնքան ավելի աննկատ է դառնում», – ասել է Վահագնը:

Միայն վերջին սերիայում Վահագնն աշխատել է շուրջ 30 կադրի վրա, հիմնականում վիշապ է «թռցրել», և նրա անունը նույնպես գրվել է սերիալի վերջում: Նա նաև հավելեց, որ մեծ ցանկություն ունի Հայաստանում նույնպես VFX ստուդիա բացել, որը կհամագործակցի օտարերկյա ֆիլմարտադրողների հետ:

Վահագն Ամիրխանյանը նաև պատմեց, որ Հոլիվուդյան հայտնի ու բյուջետային ֆիլմերում շատ են հայերը, որոնք աշխատում են այդ ֆիլմերի վիզուալ էֆեկտների ստեղծման վրա.

«Տարբեր միջազգային ստուդիաներում շատ հայազգի VFX artist-ներ ունենք ու նրանց մասին քչերը գիտեն: Հայեր կան, որոնք աշխատել են «Ավատար», «Գրավիտացիա», «Աստղային պատերազմներ» և այլ ֆիլմերում: Օրինակ` Գևորգ Արևշատով, Վահան Սոսոյան և այլք: Մերոնք շատ տաղանդավոր են»,- ասել է Վահագն Ամիրխանյանը:

shantnews.am