
2018թ.-ի օգոստոսին հնագիտական արշավախումբը պեղումներ սկսեց իրականացնել Քարահունջի տարածքում, որից հետո սիսիանցիների կողմից, այնուհետ արդեն համացանցում մեծ աղմուկ բարձրացավ, որ պեղումներն իրականացվել են խախտումներով, որի արդյունքում վնասվել է Զորաց քարեր պատմամշակութային հուշարձանը:
Դեպքերից հետո ստեղծվեց «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնությունը, որի անդամները հարցի շուրջ հրավիրել են Կառավարության, Մշակույթի նախարարության ուշադրությունը: Պեղումներից գրեթե մեկ տարի է անցել, բայց խնդիրը դեռ լուծված չէ: Նախաձեռնության անդամների պայքարը Քարահունջի աստղադիտարան լինել-չլինելու համար չէ, այլ այն բանի, որ խախտումներով իրականացվող պեղումները դադարեցվեն և չոչնչացնեն հազարամյակների պատմություն ունեցող պատմամշակութային հուշարձանը: Մեր թարմ ուղեղով զրուցակիցը «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Նանա Հերունին է: