Երևանին պատկանող հինգ աղբատար մեքենաները սկսեցին աշխատանքը Նոր Նորքից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երևանին պատկանող հինգ աղբատար մեքենաները սկսեցին աշխատանքը Նոր Նորքից

Երեւանի քաղաքապետարանի կողմից հրատապ կարգով ձեռք բերված աղբատար «Կամազ» մակնիշի  հինգ մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի  ուղիղ եթերով հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նրա խոսքով՝  այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն «Սանիթեք»-ին վճարվելիք գումարից: «Մեքենաները պատկանում են համայնքին և կառավարվելու են համայնքային կազմակերպության կողմից»,-նշել է Հակոբ կարապետյանը, ուղիղ եթերով ցուցադրելով, թե ինչպես են նոր մեքենաներն աղբահանություն իրականացնում Նոր Նորքի 2-րդ զանգվածում:

Քաղաքապետի խոսնակի հաղորդմամբ՝ քաղաքապետարանը ևս շուրջ 20 մեքենաների ձեռքբերման գործընթացի մեջ է և ամառվա կեսերին ակնկալվում է, որ մնացած մեքենաները կլինեն  քաղաքում, ինչն ավելի կթեթևացնի մայրաքաղաքի  աղբահանության գործընթացը:

Անդրադառնալով աղբամանների ոչ բարվոք վիճակին, Կարապետյանը նշել է, որ վնասված աղբամանները հնարավոր չէ մեխանիզմի միջոցով բարձրացնել և նորմալ գործընթացի համար քաղաքին 8000 աղբաման է անհրաժեշտ: «Այս պահի դրությամբ Երևանում «Սանիթեք»-ի տվյալներով հինգ հազարից վեց հազար աղբաման կա տեղադրված, սակայն կարելի է փաստել, որ դրանց մեծ մասը վնասված է, կամ գոյություն չունի:

Հակոբ Կարապետյանն ընդգծեց, որ Երևան համայնքը վերջին 30 տարիների ընթացքում նման ծավալի գնում չէր կատարել: «Հինգ մեքենաները ձեռք են բերվել հրատապ կարգով, իսկ մնացած 20-ը ձեռք կբերվեն մրցույթի արդյունքում: Առարկայական հույս կա, որ այս ամառ մենք աղբահանության խնդրից ի վերջո ձերբազատված կլինենք»,- հավելել է խոսնակը:



Նման նյութեր