Հայաստանում շատ մարդիկ կան, որոնց անունը Հայկ են դրել, որովհետև իմ անունը Հայկ է եղել. Քոչարյանի փաստաբանը՝ պատգամավորին. armdaily.am
Advertisement 1000 x 90

Հայաստանում շատ մարդիկ կան, որոնց անունը Հայկ են դրել, որովհետև իմ անունը Հայկ է եղել. Քոչարյանի փաստաբանը՝ պատգամավորին. armdaily.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին, հայտարարել էր, որ փաստաբանը պետք է փոխի իր անունը. «Իր անունը պատիվ չի բերում մյուս հայկերին»:
Արդյոք Ալումյանը կհետեւի՞ պատգամավորի հորդորին եւ կփոխի իր անունը, հետաքրքրվեցինք փաստաբանից.

«Դրանք վառված մարդու խոսակցություններ են, ցավում եմ, որ այդպիսի ջղաձգումների մեջ է գտնվում։
Եթե ինքը ինձ խորհուրդներ է տալիս, պիտի հիշի մի բան, կիրթ մարդը խորհուրդ է տալիս այն ժամանակ, երբ իրենից խորհուրդ են հարցնում, ուրիշ ժամանակ կիրթ մարդը աշխատում է խորհուրդներով հանդես չգալ, մանավանդ, եթե ծանոթ չէ այն մարդուն, ում խորհուրդ է տալիս։ Եթե ինքը բոլոր հայկերի անունից է ուզում խոսել, կարծում եմ՝ այդ իրավունքը չունի։ Գիտեք, ինձ մոտ տպավորություն է, թե մեզ մոտ տարվա 365 օրը դարձել է ապրիլի 1։ Եթե ինքը մտածում է որ ես կարող է իմ անունը փոխեմ, քանի որ ինձ համար պատվաբեր չէ, որ իր պես մարդն էլ է այն անունը կրում, ապա, ոչ, դա փոքր պատճառ է։ Ես հպարտանում եմ իմ անունով, Հայաստանում շատ մարդիկ կան, որոնց անունը Հայկ են դրել, որովհետեւ իմ անունը Հայկ է եղել»։

Ի դեպ, երեկվանից ֆեյսբուքում ակտիվորեն շրջանառվում է Հայկ Ալումյանի մեկ տարի առաջ գրառումը, որտեղ գովաբանում է նոր իշխանություններին։ Փաստաբանը նշում է, որ մեկ տարի առաջ ինքը, ինչպես շատ քաղաքացիներ, շատ ոգեւորված էր այն հեռանկարով, որը խոստանում էին իշխանությունները դատաիրավական ոլորտում, դրանք ընդունում էր որպես անկեղծ ցանկություն։
«Ու երբ տեսա, թե ինչքան են տարբերվում հայտարարված նպատակները իրականությունից, իմ կարծիքը ահագին տրանսֆորմացվեց, հասավ այս օրվան, ես դրանք չեմ հանում իմ պատից, որ ցանկացած կարդացող տեսնի, թե ոնց կարելի է ամենաոգեւորված կողմնակցին, ամենաեռանդուն աջակցին այս աստիճանի հիասթափեցնել»,-հավելեց Քոչարյանի փաստաբանը։

armdaily.am



Նման նյութեր