«Արմքոմեդիի» տղաները` Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, չհամակերպվեցին «Եվրատեսիլում» Հայաստանի անհաջողության հետ և որոշեցին այլ կողմից մուտք գործել Եվրոպա:) Քաղաքական երգիծանքի ներկայացուցիչները նկարահանվել են գերմանական Neo Magazin Royale երեկոյան շոուի հումորային տեսահոլովակում, որում ներգրավված են եվրոպական տարբեր երկրների late night շոուների ներկայացուցիչները։
Նարեկ Մարգարյանը Tert.am Life–ին պատմել է համագործակցության մանրամասներն ու հայերին «սրտահովանք» ասել` ի տարբերություն Հայաստանի, մեր հարևան Վրաստանի ներկայացուցիչները տեղ չեն գտել հոլովակում։
Նախաձեռնությունը ենթադրում է եվրոպական երկրների «ուշ երեկոյան» հաղորդումների համատեղ երգ. նույն երգի հիման վրա յուրաքանչյուրը գրել է իր բառերն ու ներկայացրել իր հոլովակը։
Do they know it’s Europe? երգում յուրաքանչյուրը պատմում է իր առանձնահատկությունների մասին ու կատակում մյուս երկրների վերաբերյալ։ «Արմոքոմեդին» կատակել է բրդուճի, թթի օղու, հարիսայի մասին, ինչպես նաև իրենց բնորոշ հումորով դիմել Վիզաների տրամադրումը հեշտացնելու հարցով։
Վաղը կթողարկվի 4 րոպե տևողությամբ տեսահոլովակը, ավելի ուշ կհրապարակվի նաև հոլովակի երկար տարբերակը, որտեղ, ինչպես ենթադրում է Նարեկը, Հայաստանի հատվածն էl ավելի մեծ կլինի։
«Արմքոմեդիի»` եվրոպական երեկոյան շոուների հետ համագործակցությունը սկսվել է 2 տարի առաջ։ Երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առաջինն է, եվրոպական երեկոյան շոուների ներկայացուցիչների նախաձեռնությամբ ամեն երկիր հումորային տեսանյութ էր նկարահանել, որ իրենք երկրորդն են։ Նարեկն ու Սերգեյը միացել էին այս ակցիային։
«Մենք էլ հումորային տեսանյութ նկարահանեցինք, որ Հայաստանն է երկրորդը։ Հոլովակը բավականին լավ էր ստացվել, իրենց էլ էր դուր եկել։ Արդեն այս նախաձեռնության ժամանակ կապվեցին մեզ հետ ու առաջարկեցին միանալ»,– ասաց Նարեկն ու հավելեց, որ «Արմքոմեդիի» համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ այսքանով չի սահմանափակվում։ Պարզվում է` եվրոպական երեկոյան շոուների ներկայացուցիչները պատրաստվում են նաև «Եվրատեսիլի» հումորային նմանակում անել, որտեղ մասնակցության առաջարկ ևս «Արմքոմեդիի» տղաներն ունեն։
Տարիների գործունեության ընթացքում Նարեկն իրենց ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ Հայաստանում քաղաքական հումորն ասոցացնում են իրենց հետ։ «Այդ ասոցացիան արդեն շատ ամուր է։ Երբ, օրինակ, ծիծաղելի օրենք են բերում ԱԺ, ասում են` «Արմքոմեդիում» սա տեղ կգտնի։ Նույնիսկ, երբ ավտոբուսների վարորդներից հավաքել էին աչքի հուլունքները և սրբապատկերներ բաժանել, բոլորը մտածում էին, որ «Արմեքոմոդիի» լուրը պետք է լինի, բայց պարզվեց` շատ իրական լուր էր»,– ծիծաղելով ու ոգևորությամբ ասաց Նարեկը։