Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 23-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող «Subregional Innovation Policy Outlook» (Ինովացիոն քաղաքականության ենթատարածաշրջանային հետազոտություն) ծրագրի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի փորձագետներ և մասնագետներ:
Ինչպես հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուրմների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կլոր սեղան-քննարկման նպատակն էր հայտարարել Հայաստանում «Subregional Innovation Policy Outlook» ծրագրի մեկնարկը` ներկայացնելով ծրագրի մանրամասները և քննարկելով ծրագրի շրջանակում շահագրգիռ կողմերի հետ համագործակցության հնարավորությունները:
«Subregional Innovation Policy Outlook» ծրագիրն իրականացվում է ԵՄ Արևելյան գործընկեր երկրներում և ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը` կարևորելով ինովացիոն ոլորտի զարգացման նշանակալի դերակատարումը տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացման գործում և ողջունելով ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող «Subregional Innovation Policy Outlook» ծրագրի մեկնարկը Հայաստանում:
Ելույթներով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռալֆ Հեյնրիխը և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչ Քրիստինա Հարթլերը` իրենց խոսքում ընդգծելով ազգային ինովացիոն էկոհամակարգերի զարգացման գործում միջազգային համագործակցության և համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման կարևորությունը: