Սթիվեն Հոքինգի հայազգի ուսուցիչը. ո՞վ դրդեց նրան բացահայտել տիեզերքը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սթիվեն Հոքինգի հայազգի ուսուցիչը. ո՞վ դրդեց նրան բացահայտել տիեզերքը. armeniasputnik.am

Մի քանի տարի առաջ համաշխարհային մամուլը ողողվեց Սթիվեն Հոքինգի հայազգի ուսուցչի մասին հոդվածներով․ ո՞վ էր նա՝ Տիգրան Թահթան, որի շնորհիվ աշխարհահռչակ ֆիզիկոսը դարձավ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր ու փոխեց տիեզերքի մասին մինչ այդ եղած բազմաթիվ պատկերացումներ։

Աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը «Global Teacher Prize»-ի պաշտոնական կայքում 2016թ․-ին ներկայացնում էր ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցներին։ Կարևորելով ուսուցչի դերը մարդու կյանքում՝ հայտնի գիտնականն իր տեսաուղերձում պատմեց այն մարդու մասին, որը տարիներ առաջ փոխեց իր կյանքը։ Այդ մարդը Հոքինգի մաթեմատիկայի հայազգի ուսուցիչ Տիգրան Թահթան էր։

«Ամեն ինչ սկսվում է սերմանված սիրուց․ սեր երաժշտության, պատմության հանդեպ․․․ Իմ դեպքում դա գիտության հանդեպ սերն էր»,- այսպես է սկսում տեսաուղերձը Հոքինգը։ Այնուհետև նա պատմում է, որ Սուրբ Ալբանսի դպրոցում (այն համարվում է աշխարհի ամենահին հանրային դպրոցներից մեկը) կար մաթեմատիկայի «ոգեշնչող ուսուցիչ»․ դա պարոն Թահթան էր։ Շարունակելով իր պատմությունը՝ Հոքինգը խոստովանում է, որ ինքը բնավ էլ դպրոցի լավագույն աշակերտը չէր, ուներ շատ տգեղ ձեռագիր, հաճախ կարող էր ծույլ լինել։

«Նրա դասերը շատ անմիջական էին և գրավիչ։ Ամեն բան կարող էր քննարկման առարկա դառնալ։ Մենք միասին ստեղծեցինք իմ առաջին համակարգիչը։ Շնորհիվ պարոն Թահթայի ես դարձա Քեմբրիջի դասախոս այն նույն ամբիոնում, որը ժամանակին գլխավորում էր Իսահակ Նյուտոնը»,- պատմում է մեծ գիտնականը։

Յուրաքանչյուր բացառիկ մարդու հետևում բացառիկ ուսուցիչ է կանգնած․ Հոքինգն այս հարցում վստահ է եղել՝ ընդգծելով, թե մեր օրերում լավ ուսուցիչների որքան մեծ կարիք կա։

«Ես ամբողջ իմ կյանքում փորձում եմ բացահայտել տիեզերքը։ Երբ մենք մտածում ենք այն մասին, թե ինչ կարող ենք անել կյանքում, ապա մենք դա կարող ենք անել շնորհիվ ուսուցչի»,- հավելում է Հոքինգը։

Հոքինգի՝ իր ուսուցչին ուղղված երախտիքի այս պատմությունը պատճառ դարձավ, որպեսզի համաշխարհային առաջատար լրատվամիջոցները (BBC ու DailyMail և այլն) անդրադառնան Տիգրան Թահթային՝ ո՞վ էր նա։

Տիգրան Թահթա
իգրան Թահթան ծնվել է 1928թ․ -ին՝ Արևմտյան Հայաստանից Մանչեսթեր գաղթած հայ ընտանիքում։ Ստամբուլում ընտանիքը զբաղվում էր բամբակի առևտրով, տոհմական ազգանունը Թահթաբրունյան է (հետագայում կրճատվել է ու դարձել Թահթա)։ Մանկության տարիների և ազգային, հոգևոր դաստիարակության ազդեցության մասին նա պատմել է իր գրքերից մեկում՝ հիշելով, թե որքան էին ծնողները կարևորում, որպեսզի երեխաները լավ անգլերեն կրթություն ստանան, բայց ընտանիքում միշտ հայերեն խոսվի։

«Բրիտանահայ համայնքների խորհուրդը» Թահթաների ընտանիքին կատարած անդրադարձում նշում է, որ Տիգրանի հայրը՝ Գևորգ Թահթան, այնքան էր կարևորում հայերենի ուսուցումը, որ բավականին զգալի գումար է նվիրաբերում համայնքին, և ի նշան երախտագիտության՝ որոշվում է Կիրակնօրյա դպրոցը, որն այն ժամանակ 200 աշակերտ ուներ, անվանել ի պատիվ պարոն Թահթայի՝ «Գևորգ Թահթայի անվան հայկական համայնքի կիրակնօրյա դպրոց»։

Տիգրանը մկրտվել է Մանչեսթերի հայկական եկեղեցում։ Իր հուշերում նա գրում է, որ երբեք չի մոռացել հայկական արմատներն ու ամեն տարի այցելել է Ստամբուլում ապրող ազգականներին։

Տիգրան Թահթային հաջողվում է շահել կրթաթոշակ Օքսֆորդի համալսարանի քոլեջներից մեկում ուսանելու համար․ այդտեղ նա ուսումնասիրում է մաթեմատիկա, նաև անգլիական գրականություն, փիլիսոփայություն և պատմություն։

Թագավորական Ռազմաօդային Ուժերում ծառայությունն ավարտելուց հետո նա նույնիսկ կարճ ժամանակ փորձել է ուժերը լրագրության մեջ, այնուհետև վերադարձել այն նույն դպրոց, որտեղ ինքն էր սովորել՝ Ռոսսալ, բայց արդեն ուսուցչի կարգավիճակով․ սկզբում նա դասավանդում էր անգլիական գրականություն և պատմություն, այնուհետև սկսեց դասավանդել մաթեմատիկա։

Մի քանի տարի անց նա տեղափոխվում է Հերթֆորդշայր քաղաք և ուսուցչությամբ զբաղվում Սուրբ Ալբանս դպրոցում։ Հենց այդտեղ էլ նա դառնում է Սթիվեն Հոքինգի՝ ապագա մեծ ֆիզիկոսի ուսուցիչը։ Հետագայում նա ուսուցչությամբ է զբաղվել Անգլիայի տարբեր կրթօջախներում, այդ թվում՝ համալսարաններում, հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ և մի շարք գրքեր, որոնցից մի քանիսը ծառայել են որպես դասագիրք։

Նա մահացել է 2006թ․-ին՝ 78 տարեկան հասակում։

«The Guardian»-ն ի հիշատակ Թահթային գրել է․ «Նա իմաստուն և առատաձեռն մարդ էր, որն արթնացնում էր սեր և մտավոր էներգիա յուրաքանչյուրի ներսում, ով հայտնվում էր Թահթայի գործունեության ոլորտում»։ Թերթը նրան անվանել է «իր սերնդի ամենաականավոր ուսուցիչներից մեկը»։

armeniasputnik.am