ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ շրջանավարտներ, մանկավարժներ, ծնողներ
Ամեն օր դպրոցում հնչող սովորական զանգն այսօր ձեզ համար ղողանջում է այլ կերպ ու հուզիչ՝ անվանվելով «Վերջին զանգ»…
Շնորհավորում եմ բոլորիս կյանքում միշտ հիշվող ու կարևոր այս տոնական օրվա կապակցությամբ: Դպրոցում՝ վերջին, բայց ապագայի նոր հորիզոններ բացող առաջին զանգն է այն, որը սկիզբ է դնում ծրագրածն իրականացնելու, երազանքները կյանքի կոչելու, նպատակներին հասնելու ամենօրյա պայքարին:
Հրաժեշտը դպրոցին ինքնուրույն հասուն ճանապարհի մեկնարկն է, որն սկսում եք հարազատ կրթօջախում ստացած հմտություններով, դասագրքերից և դրանցից դուրս սերտած շատ այլ գիտելիքներով՝ մարդկային հարաբերությունների, չարի և բարու, քաղաքացու՝ ձեր պարտականությունների մասին:
Եվ օրվա առիթով հիշելով ուսումնառության ընթացքի հաջողություններն ու բացթողումները՝ միշտ հիշեք նրանց, ովքեր ներդրել են իրենց սերն ու ջերմությունը, բոլոր ուժերն ու հոգին՝ ձեզ լավագույնս կրթելու նպատակով, ովքեր անգամ դպրոցն ավարտելուց հետո անհանգստանալու են ձեզ համար, տխրելու՝ ձախողումների, հպարտանալու ձեր հաջողությունների դեպքում՝ ձեր ուսուցիչներին, որոնց, տոնի կապակցությամբ, նաև իմ շնորհակալությունն եմ հայտնում անգնահատելի աշխատանքի համար:
Սիրելի՛ շրջանավարտներ, առջևում քննությունների, մասնագիտության ու հետագա անելիքների ընտրության, ինքնադրսևորման ու նոր հեռանկարում կողմնորոշվելու բարդ շրջանն է: Վստահորե՛ն քայլեք կյանքի ճանապարհով՝ հավատալով ձեր ուժերին:
Իսկ մենք ձեր հաջողություններին, ձեռքբերումներին, անկախ ընտրած ոլորտից՝ լավ մասնագետ դառնալուն հետևելու ենք երկրի վաղվա օրը ապահով ձեռքերում տեսնելու մտահոգությամբ:
Թո՛ղ բարի լինեն ձեր մտքերը, թևեր ունենան ձեր երազանքները, լուսավոր լինի սպասվող ուղին:
Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ: