Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
Advertisement 1000 x 90

Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

Սիրելի հայրենակիցներ.

Որոշ լրատվամիջոցների կողմից տարածված «տեղեկությունն» առ այն, թե իբր «մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի եւ հայ օլիգարխիայի ներկայացուցիչները» եւ, որ «հավաքը կազմակերպել է ՊԲ նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանը…», իրականության հետ որեւէ աղերս չունի: Ստորագույն եւ սադրիչ ապատեղեկատվություն է նաեւ այն, որ իբր «հավաքի մասնակիցները երդվել են ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար»: Նշվում է նաեւ, որ «հավաքին ներկա է եղել Սամվել Ալեքսանյանը»:

Ելնելով վերոնշյալից իմ պարտքն եմ համարում «օդից կախված լուրերի» կամ անանուն աղբյուրների սիրահարներին իրազեկել հետեւյալի մասին.-իմ եւ իմ նման ազատամարտիկների (այդ թվում՝ գեներալների՝ գործող եւ պաշտոնաթող) խնդիրն ու գերագույն նպատակն է ոչ թե զբաղվել հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ, այլեւ հարկ եղած դեպքում նորից կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Համոզված եղեք, որ մարտադաշտում չորս անգամ վիրավորված, հարյուրավոր հերոս զինակիցներ կորցրած զինվորականը չի կարող հանդես գալ Հայոց միասնականությունը պառակտողի եւ, ըստ այդմ՝ նաեւ մեր ազգային դիմադրողականությունը թուլացնողի դերում: Մինչդեռ այսօր, գիտակցաբար, թե անգիտակցաբար, նման սադրիչ ապատեղեկատվություններ տարածողների նպատակը ոչ այլ ինչ է, քան մեր ժողովրդի միասնականությունն աղճատող հանցավոր փորձ:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իմ ողջ կենսագրության ընթացքում երբեւէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել, իսկ եթե անգամ զբաղվել եմ, ապա դա եղել է մեկ անգամ՝ 1988-ին: Իսկ ինչ վերաբերում է երդմանը, ապա դա եւս եղել է մեկ անգամ՝ տակավին 1988-ին:

Ավարտելով խոսքս, խնդրում եւ պահանջում եմ բոլոր նման ապատեղեկատվություններ տարածողներին զերծ մնալ մեր ընդհանուր հայրենիքի անվտանգությանը սպառնացող անպատասխանատու քայլերից:

Սամվել Կարապետյան



Նման նյութեր