ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ նախընտրական շրջանում ուր գնացել է, մարդիկ համատարած իր առաջ պահանջ են դրել, որ այսպես չի կարելի` աշխատավարձերը ստանում են, բայց մինչև հասնում են տուն, կրվում, դուրս են գալիս բուքմեյքերական գրասենյակներից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց այսօր կառավարության դիմաց բողոքի ցույց անող բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Որ գյուղ մտել եմ, որ քաղաք մտել եմ` այդ մասին են բողոքել։ Անգամ, երբ լուսացույցի տակ կանգնած եմ եղել, եկել ու ապակին ծեծել են, որ բողոքեն, թե էդպես ոնց կլինի։ Կապանում քանի որ գործարաններ կան, բոլոր փողոցներում բուքմեյքերական գրասենյակներ կան, բա հետո՞»,–ասաց նա։
Բուքմեյքերական գրասենյակների ներկայացուցիչների խոսքով` իրենց գրասենյակների փակման հետևանքով մի շարք մարդիկ գործազուրկ կդառնան։ Նրանք Փաշինյանին առաջարկեցին մի քանի հոգով հանդիպել ու մանրամասները քննարկել։
Ի պատասխան վարչապետն էլ ասաց, որ ճիշտ կլինի` 2 էջի սահմանում շարադրեն իրենց առաջարկները, ինքն էլ անձամբ կկարդա, և կորոշեն` ինչ անել։ «Եթե ձեր առաջարկներն իրականանալի և տրամաբանական լինեն, կհանդիպենք ու կխոսենք` ինչ անել»,–ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։
Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»)։ Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։