«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան լոնդոնյան ակումբում շարունակում է քննարկման թեմա լինել անգլիական լրատվամիջոցների համար:
Այսօր The Sun-ը հայտնել է, որ «զինագործները» Բաքու չմեկնելու հարցի վերաբերյալ ամբողջովին աջակցում են հայ ֆուտբոլիստին: Չնայած այդ ամենին, ակումբում դեմ չեն լինի, եթե Հայաստանի հավաքականի ավագը որոշի ամռանը լքել թիմը:
Ըստ աղբյուրի՝ «Արսենալում» կարծում են, որ կիսապաշտպանն այդպես էլ չի կարողացել Լոնդոնում ցուցադրել իր ամբողջ ներուժը:
Նմանատիպ իրավիճակ է նաև Մեսութ Օզիլի դեպքում: Ակումբում նրա հետ նույնպես հեռակա ծրագրեր չունեն: Օզիլի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, չնայած վերջերս տված հարցազրույցի ժամանակ նա հայտնել էր, որ չի ցանկանում լքել լոնդոնցիների կազմը:
Հավելենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչն այս տարի անցկացվելու է Բաքվում: Մխիթարյանը չի մեկնի եզրափակչին, ինչի պատճառով ՈւԵՖԱ-ի և Ադրբեջանի նկատմամբ իրենց դժգոհությունն են հայտնել մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, ֆուտբոլիստներ և մարզիչներ: Խնդրին անդրադարձել են նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: