Այս փուլում դատական իշխանությունը վեթինգի ենթարկելով գուցեև հասնենք փոփոխության, բայց դա կարող է չլինել տևական և անշրջելի
Advertisement 1000 x 90

Այս փուլում դատական իշխանությունը վեթինգի ենթարկելով գուցեև հասնենք փոփոխության, բայց դա կարող է չլինել տևական և անշրջելի

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր առավել կարևոր է, որպեսզի վեթինգի, և ավելի լայն համատեքստում՝ անցումային արդարադատության մասին հայտարարությունները ուղեկցվեն այդ գործիքը օգտագործելու ներհասարակական համերաշխության հասնելու բացառիկ հնարավորության մասին։

Բայցև միշտ հիշենք՝ այդպիսի փոփոխությունների ինստիտուցիոնալ առավել մեծ համատեքստը քաղաքական համակարգի փոփոխության մասին է։

Մենք չենք կարող հույս ունենալ, որ հին քաղաքական համակարգում վեթինգի կամ միայն վեթինգի միջոցով կարող ենք հասնել ներհասարակական համերաշխության։ Դատական համակարգում կարող են սկսվել առողջացման գործընթացներ, բայց դրան անպատրաստ քաղաքական համակարգը միշտ դիմադրելու է այդպիսի փոփոխություններին և տորպեդահարելու է մյուսների փոփոխության շանսն ու հնարավորությունը։

Քանի դեռ կուսակցությունները Հայաստանում բացառապես քաղաքական գաղափարախոսությունները չեն դիտարկում որպես առաջնային և միակ մրցակցային իրողություն, քանի դեռ կուսակցությունները մեզանում մեծապես մեկ անձի և տնտեսության մեջ նրա ունեցած ազդեցության չափի ու ծավալի մասին է և ոչ թե գաղափարի ու գաղափարների մրցակցության, մենք չենք կարող հասնել ներհասարակական տևական համերաշխ գոյության։

Այս փուլում դատական իշխանությունը վեթինգի ենթարկելով գուցեև հասնենք փոփոխության, բայց դա կարող է չլինել տևական և անշրջելի։ Այսպիսի փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է հասնել ոչ միայն և գուցե ոչ այնքան քաղաքական և ինստիտուցիոնալ փոփոխությունների, որքան քաղաքական և գաղափարական մտքի անհրաժեշտ վերափոխման»։



Նման նյութեր