Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո մինչև հաջորդ նախագահի ընտրությունը նրա լիազորությունները ժամանակավորապես փոխանցվել են խորհրդի՝ տարիքով ամենաավագ անդամ Գևորգ Դանիելյանին: «Արմենպրես»-ն ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Դատական օրենսգիրքը, ներկայացնում է, թե ինչպե՞ս է իրականացվում ԲԴԽ նախագահի ընտրությունն ու ո՞վ կարող է ընտրվել կառույցի նախագահ:
Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից, որոնցից 5-ը դատավոր անդամներն են: Անդամների ընտրության կարգը սահմանում է ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածը: Քանի որ Գագիկ Հարությունյանը հրաժարվել է ոչ միայն ԲԴԽ նախագահի, այլև ԲԴԽ անդամի պաշտոնից, հետևաբար մինչև նախագահի ընտրությանն անցնելը նախ պետք է լրացնել անդամի թափուր պաշտոնը:
Գագիկ Հարությունյանն Ազգային ժողովի կողմից ընտրվել է որպես ոչ դատավոր անդամ, հետևաբար նրա փոխարեն թափուր տեղը պետք է լրացվի ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի երրորդ կետով, ըստ որի` Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ԲԴԽ անդամ կարող է ընտրել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:
Դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Եթե Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրա ընտրությունը Հանրապետության նախագահը տասնհինգօրյա ժամկետում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամին ներկայացվող պահանջները»:
Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Նախագահի ընտրությունը կատարվում է ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասով և Դատական օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերով.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության համար կազմվում է քվեաթերթիկ, որում ներառվում են բոլոր թեկնածուները: Քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր»:
Եթե քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ ոք չի ստանում ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
«Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին»,- նշված է հոդվածի 7-րդ կետում:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է մինչև որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը (խորհրդի դատավոր անդամներն ընտրվում են 3 տարի ժամկետով, ոչ դատավոր անդամները` 5 տարի ժամկետով):
Նորայր Շողիկյան