Երեկ՝ մայիսի 29-ին, ԵԱՏՄ խորհրդի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև նախատեսված հանդիպումը չի կայացել։ Վարչապետ Փաշինյանը Ղազախստանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել։ Նրա խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ, իր հերթին, ասել էր, որ օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են և ընթացքի մեջ են։
«Նախատեսված որևէ միջոցառում չի չեղարկվել»,- մասնավորապես, հայտարարել էրՎլադիմիր Կարապետյանը։
Ուշագրավ է, սակայն, որ մայիսի 29-ին Նուր-Սուլթանում Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպման մասին դեռևս ապրիլի 19-ին հայտարարել էր (տեսանյութ՝ 1:40-1:50 ) ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
Դրա մասին մայիսի 17-ին ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր նաև հենց ինքը՝ Փաշինյանը։ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, որի լրագրողը ներկա էր եղել հանդիպմանը, փոխանցել էր Փաշինյան խոսքը, որ Պուտինի հետ հանդիպում նախատեսված է ինչպես մայիսի 29-ին՝ ԵԱՏՄ խորհրդի նիստում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ՝ հունիսին:
Fip.am-ի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հրաժարվեց պատասխանել Պուտին-Փաշինյան չկայացած հանդիպման մասին հարցերին։
Այսպիսով, Փաշինյանի երեկվա հայտարարությունը հակասում է ինչպես իր, այնպես էլ Վալենտինա Մատվիենկոյի արած նախկին հայտարարություններին։
Հովհաննես Նազարեթյան