Հյուսիսային Կորեայի Պետական խորհրդի ԱՄՆ գծով հատուկ ներկայացուցիչ Կիմ Խեկ Չխոլին մահապատժի են ենթարկել Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի անհաջող բանակցություններից հետո: Այս մասին հայտնում է հարավկորեական Chosun Ilbo պարբերականը, համաձայն որի՝ Չխոլի հետ մահապատժի են ենթարկվել նաև ԱԳՆ ևս 4 աշխատակից: Պատճառը՝ նրանք չեն կարողացել համաձայնության գալ ԱՄՆ-ԿԴԺՀ 2-րդ գագաթնաժողովի ընթացքում:
Բացի այդ, աքսորվել է Կիմ Յեն Չխոլը՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարի առաջին տեղակալը:
Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս լուրը պաշտոնապես անհնար է հաստատել:
Միևնույն ժամանակ, Chosun Ilbo-ն պարբերաբար հայտնել է պաշտոնատար անձանց մահապատժի ենթարկելու մասին, որն իր հերթին, չի համապատասխանել իրականությանը:
Նշենք, որ Հյուսիսային Կորեան հրաժարվել էր ԱՄՆ հետ վերսկսել ապամիջուկայնացման բանակցությունները:
Ս.թ. փետրվարի 27-28 Վիետնամի մայրաքաղաք Հանոյում տեղի է ունեցել Թրամփի և Ինի 2-րդ հանդիպումը, որը նախատեսվածից 2 ժամ շուտ է ավարտվել: Արդյունքում, կողմերը համաձայնության չեն եկել:
Առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2018 թ. հունիսի 12-ին, Սինգապուրում: Կողմերը ձեռք էին բերել պայմանավորվածություններ, որոնց համաձայն Հյուսիսային Կորեան պատրաստակամություն էր հայտնել ապամիջուկայնացնել իր զինանոցը, իսկ ԱՄՆ խոստացել էր Փհենյանին տրամադրել անվտանգային երաշխիքներ:
lenta.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը