Հեքիաթ ընթերցող պատգամավորներ, զիփլայն. Երևանում հունիսի 1-ին բազմաթիվ տոնական միջոցառումներ կանցկացվեն
Advertisement 1000 x 90

Հեքիաթ ընթերցող պատգամավորներ, զիփլայն. Երևանում հունիսի 1-ին բազմաթիվ տոնական միջոցառումներ կանցկացվեն

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առիթով մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Հունիսի 1-ին Ազգային ժողովի նախագահը և ԱԺ պատգամավորները հրավիրում են ամենափոքրիկ քաղաքացիներին միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Բաղրամյան պողոտայում և Ազգային ժողովի բակում: Երեխաներին սպասվում են տարաբնույթ միջոցառումներ թատերական խմբերի, երաժիշտների, բակային խաղերի, հեքիաթներ ընթերցող պատգամավորների մասնակցությամբ:

Բաղրամյան պողոտայում օրվա մեկնարկը կտրվի ժամը 12:00-ին ՀՀ ոստիկանության փողային նվագախմբի մասնակցությամբ, որին կհաջորդեն խոհարարական, հրուշակեղենի, ռոբոտաշինության, խեցեգործության, լեգոյի վարպետաց դասերը:

Մինչև ժամը 18:00-ն պողոտայում փոքրիկները կավճանկարչությամբ կզբաղվեն, կգործի նաև լուսանկարման տաղավար, մանկական վերնիսաժ, երաժշտական հարթակ:

Ազգային ժողովի այգում կգործի  թատերական հարթակ, դիսկոտեկ, արտադպրոցական կենտրոնների տոնավաճառ, զիփլայն, ավտոմոդելավորման ցուցադրություն, հանրային քննարկում երեխաների խնդիրների շուրջ, հեքիաթների ընթերցում:

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխաներ Երևանի տարբեր վայրերում կմասնակցեն տոնական միջոցառումների: Նախատեսվում է այց Երևանի 2800-ամյակի այգի, զբոսանք Հանրապետության հրապարակում և Կասկադում:

Ժամը 13:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կոմիտասն ու Թումանյանը՝ մանուկների աչքերով» խորագրով միջոցառումը: Այն նվիրված է Վարդապետի և Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Միջոցառումը ներկայացնում է «Տունտունիկ» կրթամշակութային կենտրոնը, ելույթներով հանդես կգան կենտրոնի սաները:

Ժամը 16:30-ին «Հիկարի» hայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաները օրիգամի կպատրաստեն թանգարանի միջնաբակում: Ժամը 17:30-ին տեղի կունենա ցուցահանդես՝ Մալաթիայի հայորդաց տան գեղանկարչության դասարանի սաների մասնակցությամբ: Տոնական օրը կեզրափակվի ժամը 18:00-ին՝ դասական երաժշտության համերգով: Ելույթ կունենան փոքրիկները և Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակահարների անսամբլը (դիրիժոր Արամ Հարությունյան):

Երևանի քաղաքապետարանը և Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է մասնակից դառնալու տոնական զվարճալի ծրագրին:
Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ, շատ պաղպաղակ, վիկտորինաներ, որի հատուկ մրցանակը՝ հեծանիվը կամ ֆոտոխցիկը, կհանձնվի ամենաբանիմացին: Երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար:

Ազատության հրապարակում տոնական միջոցառումները փոքրիկները համար կմեկնարկեն ժամը 11:00-ին և կշարունակվեն մինչև 13:30-ը: Մանուկներին սպասվում է համերգային ծրագիր:

Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում: