Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ երեխաներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով:
Այսօր մենք ոչ միայն նշում ենք երեխաների պաշտպանության միջազգային օրը, այլ նաև ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր պարտավորվածությունն ապահովելու յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի սկզբունքը և պաշտպանելու նրանց իրավունքները:
Մանկական երջանկության համար անփոխարինելի են ծնողական սերն ու ջերմությունը, հոգատար ընտանիքում ապրելն ու մեծանալը: Այս հիմնարար արժեքների համար անհրաժշտ է ապահովել պայմաններ, որպեսզի երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում:
Մեր խնդիրն է ապահովել երեխաների առողջ, անհոգ և երջանիկ մանկությունը:
Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան:
Սիրելի՛ փոքրիկներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս ջերմ ու գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում ձեզ առողջություն, անհոգ մանկություն և լուսավոր ապագա»: