ՀՀ նախագահի նստավայրի դարպասները հունիսի 1-ին բացվեցին երեխաների ու նրանց ծնողների առաջ: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Բաղրամյան 26 հասցեում երեխաներին էին սպասում գունավոր փուչիկները, պղպջակներն ու հեքիաթների հերոսները:
Միջոցառման կազմակերպիչ Մանուկների զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը նշեց, որ այսօր չեն պատրաստվում խոսել երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներից:
«Այսօր մեր նպատակն է Բաղրամյան 26-ում, ՀՀ նախագահի նստավայրում ուղղակի ասել, որ երեխաներն ապրում են Հայաստանում, կան երեխաներ, ծնվում են երեխաներ։ Ամեն օր շփվելով երեխաների հետ մեր ամենօրյա գործում, մենք ամրապնդում ենք այդ հավատը, այդ ուժը, որ հանուն երեխաների պետք է կրենք այդ պատասխանատվության համոզմունքը, որպեսզի կերտենք և արարենք երջանիկ անհատներ, երջանիկ մարդիկ։ Ուզում ենք, որ յուրաքանչյուր մարդ կրի և ամրապնդի այդ պատասխանատու լինելու համոզմունքը»,- ասաց Սիմոնյանը: