ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախագահ Արմեն Սարգսյանը ոչ ֆորմալ իրավիճակում քննարկել են առողջ ապրելակերպի և ծխելուց հրաժարվելու սկզբունքները։
Արմեն Սարգսյանն ասել է, որ ծխելը չափազանց վտանգավոր է առողջության համար։ «Ամեն տարի Հայաստանում մոտ 1500 քաղաքացի մահանում է քաղցկեղից, որը ծխելու հետևանքն է։ Ծխելը հանգեցնում է օրգանիզմի ընդհանուր թուլության, իմունիտետի անկման։ Կան նաև այլ հիվանդություններ, որոնց վրա ծխելն անուղղակի է ազդում։ Բացի այդ, ծխելը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի հետագա վերականգնման վրա վիրաբուժական միջամտությունից հետո»,- ասել է նա։
«Ծխելը հակահիգիենիկ է։ Ծխողները խնդիրներ ունեն բերանի խոռոչի, ատամների հետ կապված»,- ավելացրել է Սարգսյանը։
Նախագահը մատնանշել է, որ եթե 30-40 տարի առաջ ծխելը համարվում էր սովորական երևույթ, ապա այսօր երկրագնդի խոշոր քաղաքների հանրային վայրերում ծխելը արգելված է, ընդ որում՝ քաղաքացիների 99 տոկոսն այդ արգելքն ընկալում է հանգիստ՝ հաշվի առնելով այդ քայլի կարևորությունը։ «Ինձ ուրախացնում է, որ այսօրվա դրությամբ շատերը, հատկապես երիտասարդությունը, ձգտում են առողջ ապրելակերպի։ 21-րդ դարում սպորտով զբաղվելը դառնում է, թվում է, կյանքի նորմ»,- նկատել է նա։
Սարգսյանը կոչ է արել ծխողներին ուժ գտնել և հաղթահարել ծխելու հակումը, մտածել մերձավորների առողջության մասին։ Նա նաև նշել է, որ առողջ ապրելակերպը ենթադրում է նաև առողջ սնունդ և ֆիզիկական բեռնվածություն։
Թորոսյանը նկատել է, որ նախագահի նստավայրի տարածքում, Արմեն Սարգսյանի կարգադրությամբ, ծխելն արգելված է։ Նախագահը նշել է, որ նա այդ որոշումն ընդունելիս խոչընդոտներ չի ունեցել։ «Փակ տարածքում ծխել չի կարելի։ Ծխողները պետք է զսպեն իրենց, քանի որ շրջապատողները շնչում են ծխախոտի ծուխը, որն ազդում է նրանց առողջության վրա»,- ընդգծել է նա։