Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը ոչ միայն չի երկարաձգել, այլեւ քայլեր է ձեռնարկում այն ժամանակից շուտ լուծելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ արձագանքելով այն քննադատությանը, թե քաղաքապետարանը երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանգիրը ևս 30 տարով։
Նա տեղեկացրեց, որ «քաղաքապետարանի դիմացի տարածքը սրճարան կազմակերպելու եւ կառուցելու համար Մանվել Գրիգորյանի մերձավորներին, բայց բոլորս գիտենք, որ այդ ամենի հետեւում հենց նա է կագնած, տրվել էր վարձակալության 2003 թվականին՝ 25 տարով, այսինքն՝ մինչեւ 2028 թվականը, տարեկան մոտ 23 հազար դրամ վարձավճարով»։
Ըստ Գասպարյանի՝ պայմանագիրը հնարավոր չէ ժամկետից վաղ լուծել, եւ քաղաքապետարանը հնարավորություն ունի միայն փոփոխել վարձավճարի չափը, իսկ վարձակալի անհամաձայնության դեպքում՝ միակողմանի լուծել պայմանագիրը։ Այդ նպատակով Էջմիածնի քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ, եւ այս մասին արդեն ծանուցվել են սրճարանի վարձակալները։
Դիանա Գասպարյանը հույս հայտնեց, որ այդքան գումար վարձակալները չեն ահամձայնի վճարել, եւ իրենք պայմանագիրը կլուծեն, իսկ մինչ այդ կոչ արեց բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը․ «ես ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել այդ սրճարանի աշխատանքը, որեւէ դեպքում անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որեւէ եկամուտ չապահովի»,- ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։