«Ներկայացնելու եմ նախագիծ, որ հոգեկան խնդիրներ ունեցողները չառաջադրվեն պատգամավորի թեկնածու». Քրիստինա Պողոսյան. factor.am
Advertisement 1000 x 90

«Ներկայացնելու եմ նախագիծ, որ հոգեկան խնդիրներ ունեցողները չառաջադրվեն պատգամավորի թեկնածու». Քրիստինա Պողոսյան. factor.am

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինա Պողոսյանը պատրաստվում է ուշագրավ օրենքի նախագիծ ներկայացնել. այն վերաբերում է պատգամավորի թեկնածու առաջադրվելու կարգին: Պատգամավորի խոսքով՝ իր հեղինակած նախագծով թույլ չի տրվելու, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք առաջադրվեն որպես պատգամավորի թեկնածու: Այս մասին Քրիստինա Պողոսյանը նշեց Factor.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրենդրական նախաձեռնություններ է պատրաստվում ներկայացնել:

«Պատրաստվում եմ նախագիծ ներկայացնել, որի կետերից մեկը կլինի այն, որ հոգեկան խնդիրներ ունեցողները չեն կարող առաջադրվել պատգամավորի թեկնածու: Գիտեք, որ կան պաշտոններ, օրինակ՝ դատախազ, դատավոր, որոնք չեն կարող այդ պաշտոններին լինել, եթե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Ես կարծում եմ, որ նույն սկզբունքը պետք է կիրառվի պատգամավորների և պատգամավորի թեկնածուների նկատմամբ: Եթե անձը հիվանդության պատճառով չի կարող լինել ուսուցիչ, դատավոր, դատախազ, չի կարող լինել նաև պատգամավոր: Սա օրենսդիր մարմին է, այստեղ է որոշվում այն օրենքը, որը կիրառում են դատախազն ու դատավորը»: Հարցին՝ եղե՞լ է նախադեպ, երբ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք առաջադրվել ու ընտրվել են, Քրիստինա Պողոսյանն ուշագրավ պատասխան տվեց. «Հնարավոր է՝ եղել է: Հարցումներ, որ անեք, կտեսնեք: Ես չեմ ցանկանում մարդկանց առողջության մասին հայտարարություն անել»:

«Իմ քայլի» պատգամավորը Factor.am-ին տեղեկացրեց, որ այս պահին դեռ մշակում է օրենդրական փոփոխությունը և մինչև այս շաբաթվա վերջ կդրվի շրջանառության մեջ: Քրիստինա Պողոսյանը նաև ասաց, որ նույն նախագծով ցանկանում է պարտադիր պայման դարձնել այն, որ պատգամավորի թեկնածու կարող են առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձինք:

«Ես դա սխալ եմ համարում, չի կարող բարձրագույն կրթություն չունեցող մարդը առնչվել օրենսդրական նախաձեռնությունների հետ: Այն մարդիկ, ովքեր պետք է պետական իշխանությանը մոտ լինեն, պետք է առնչվեն պետական բյուջեի հետ և վտանգ կա, որ կարող են իրենց դիրքը չարաշահել, պետք է հանրության առջև բաց լինեն»,- ասաց Քրիստինա Պողոսյանը:

Նարեկ Կիրակոսյան

factor.am