Մարինա Խաչատրյանից տեղեկություն ստանալու հարցում եմ ստացել։ Որոշեցի հրապարակային պատասխանել իմ նախկին գործընկերոջը ?
Տիկին Խաչատրյան,
քայլելուս մասին հարցը դուք կարող էիք ինձ ուղղել այն ժամանակ, երբ ձեզ հետ մասնակցեցի նախընտրական ասուլիսին՝ դեռևս 2017 թվականին։ Այդ ժամանակ ես առանց սայլակի էի, ձեր կողքի աթոռին էի նստել, եթե հիշում եք։ Թեև արդեն պարզ է, որ այդ ժամանակ որևէ «լուրջ դրդապատճառ» չունեիք այդ հարցով հետաքրքրվելու համար, ոչ էլ ավելի ուշ, երբ Երևանի ավագանու նիստերին ինձ արդեն տեսնում էիք սայլակով տեղաշարժվելիս։
Ամեն դեպքում ինձ դժվար չէ հիմա պատասխանել ձեզ այդքան հուզող հարցերին: Սայլակը և աջակցող մյուս սարքերը տեղաշարժման միջոց են, որոնք մարդը կարող է օգտագործել անընդհատ կամ որոշակի միջավայրում՝ ըստ անհրաժեշտության։ Տանը կամ նախարարության իմ սենյակում սայլակ չեմ օգտագործում, որովհետև ապահով միջավայրում կարողանում եմ տեղաշարժվել քայլելով։
Ես 2012-ին մեկ տարվա ընթացքում երկու անգամ հասցրել էի կոտրել ոտքս և բարդ վիրահատություն տանել։ Կոտրվածքները ստացել էի վայր ընկնելու հետևանքով, որովհետև մանկուց մկանային ատրոֆիա ունեմ։ Դրանից հետո մասնագետները խորհուրդ տվեցին դրսում տեղաշարժվել սայլակով, որովհետև ամեն անգամ անզգույշ հարվածից կամ շարժումից վնասվելը կարող է ճակատագրական լինել։ Ասեմ ավելին, իմ վիճակը չի լավացել, հակառակը՝ վատացել է և գնալով վատանալու է, բայց դա չի նշանակում, որ իմ կարողությունները սահմանափակ են, որովհետև մարդկանց կարողությունների սահմանը ամեն օր կարելի է բացահայտել։
Ոչ մի բուժում ու բուժական միջոցառում չեմ ստանում, որովհետև իմ առողջական խնդիրը բուժման ենթակա չէ։ Բայց խնդրում եմ, ինձ համար չանհանգստանալ, որովհետև ազատությունը, երջանկությունը և լիարժեքության զգացումը պայմանավորված չեն միայն դրանով։ Ասեմ ավելին, դա ինձ չի խանգարում, որ սիրեմ մարդկանց ու ներողամիտ լինեմ։
Եվ որ ամենակարևորն է, պատրաստ եմ միշտ ոգեշնչելու, օգնելու և խրախուսելու բոլոր նրանց, ովքեր որևէ դժվարություն կամ առողջական խնդիր ունեն։
Լավ եղեք և շարունակեք ուրախանալ ինձ համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանի ֆեյսբուքյան էջից: