«Հրապարակը» գրել էր, որ երեկ միջադեպ տեղի ունեցավ «Բաց հասարակության հիմնադրամներ․ Հայաստան» կազմակերպության գրասենյակի առջև, որտեղ բողոքի ակցիա էր իրականացնում «ՎԵՏՕ» նախաձեռնությունը՝ քաղակտիվիստ Նարեկ Մալյանի գլխավորությամբ։ « 24news» լրատվականի լրագորղ Դիանա Դավթյանի և նախաձեռնության մասնակիցների միջև վիճաբանություն տեղի ունեցավ։ Նարեկ Մալյանին ուղղված հարցից հետո, թե ունի՞ Մալյանը փաստեր, որ իշխանությունների վերին էշելոնները Սորոսի հիմնադրամից հրահանգներ են ստանում, լարվածություն սկսվեց։ Դավթյանին սկսեցին մեղադրել 1in.am կայքի նախկին խմբագիր Արման Բաբաջանյանի պատվերը կատարելու մեջ՝ չնայած, որ շուրջ 5 ամիս է, ինչ Դավթյանը չի աշխատում 1in.am- ում։ Ապա Դավթյանը նկատել է, թե ինչպես է ակցիայի մասնակիցներից մեկը տեսանկարահանում իրեն, և հարցրել, թե ի՞նչ նպատակով է իրեն նկարահանում, ինչից հետո կրկին սկսվեում է լրագրողի հասցեին մեղադրանքների շարանը, թե նա էլ է սորոսական և Արման Բաբաջանյանի պատվերն է կատարում։ Դավթյանը հարցրեց, թե ի՞նչ խնդիր ունեն ցուցարարները՝ « մեր խնդիրը քո երկար լեզուն ա»,- պատասխանեց նրան ցուցարարներից մեկը։ «Հրապարակի» հետ զրույցում Դավթյանը պատմեց, որ այդ պահին « 24news»-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը զանգել է օպերատորին և հրահանգ տվել՝ անջատելու ուղիղ եթերը և վերադառնալու խմբագրություն, ապա խմբագրությունում վեճ է սկսվել իր և « 24news»-ի խմբագրի միջև․
«Նույն այն պահին, երբ ուղիղ եթերում հեռարձակվում էր ակցիայի մասնակիցների կողմից իմ հասցեին վիրավորական արտահայտություննեը, 24News-ի գլխավոր խմբագիր, տնօրեն Նարեկ Գալստյանը զանգեց օպերատորիս ու հրահանգեց անջատել ուղիղ եթերն ու վերադառնալ խմբագրություն։ Դա ինձ համար տարօրինակ էր, որովհետև ի՞նչ է նշանակում ուղիղ եթերում տեսնել, որ քո ԶԼՄ-ի լրագրողին վիրավորում են, այնուհետ նաև սպառնում, բայց զանգել ու օպերատորին ասել, որ ուղիղ եթերն անջատի՞․․․, բացի դրանից, որպես կանոն` նյութեր պատրաստելու ժամանակ նախեւառաջ պատասխանատու է լրագրողը եւ առաջին հերթին լրագրողին են տեղյակ պահում նյութը չեղարկելու մասին։
Ես օպերատորիս հետ վերադարձել եմ խմբագրություն, եւ խմբագիրը՝ Նարեկ Գալստյանը, ինձ կանչեց իր աշխատասենյակ, գնացի , ինձ ասաց դուռը փակիր, մտածեցի պետք է հարցնի՝ ի՞նչ է եղել, ո՞վ է վիրավորել, ի՞նչ միջադեպ է եղել եւ այլն, ինչպես պետք է լիներ լրագրող-խմբագիր նորմալ զրույցի ժամանակ, բայց սկսում է ձայնը բարձրացնելով խոսել, թե՝ քեզ քանի անգամ եմ ասել՝ հավասարակշռված կպահես քեզ , դու խի չգիտե՞ս, որ ինքը իմ ընկերն է, բայց դու գնացել ես Նիկոլ Փաշինյան ես պաշտպանում։ Ասում եմ՝ այսի՞նքն՝ հավասարակշռված պահելը ո՞րն է, ի՞նչ Նիկոլ Փաշինյան պաշտպանելու մասին է խոսքը։
Այն պահին, երբ ինձ վիրավորում են, երբ ինձ փորձում են պիտակավորել դու զանգում, օպերատորին ասում ես՝ հենց հիմա անջատի ուղիղ եթերը, դրանից հետո ինձ գալիս սպառնում են, ու դու որպես խմբագիր պարտավոր ես իմ իրավունքները պաշտպանել, որովհետև ես տվյալ պահին աշխատանքի մեջ եմ եղել, քո ուղարկելով եմ գնացել էդ ակցիայի տեղը, ու եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ուրեմն նաև դու ես պատասխանատու դրա համար, դու ինձ թեքվել, ասում ես՝ իրենք իմ ընկերներն են ու ես իրավունք չունեմ իրենց այդպիսի հարցեր տալու։ Իսկ հարցս եղել է Նարեկ Մալյանին այն , որ երբ վերջինս հայտարարեց, որ այսօրվա կառավարության ամենաբարձր էշելոնները Սորոսից են հրահանգ ստանում Հայաստանը ապակայունացնելու համար, , հարցրի ասածը հիմնավորող ի՞նչ փաստեր ու ապացույցներ ունի, որոնք կարող է ներկայացնել ու ապացուցել, որ կառավարության ամենաբարձր էշելոնները Սորոսից են հրահանգավորվում։ Բացի այս հարցից Անալիտիկ կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը, երբ եկել ու ինձ ասում էր, որ «դիմելու եմ լրագրողների հանձնաժողով, որ քո էթիկան քննության առնեն, տեսնեն ինչ նպատակով ես եկել ակցիայի», Անի Հովհամմիսյանից հարցրել եմ, թե պատգամավորներից մեկի մասին վատ լուրեր չգրելու համար դրամաշորթության մեջ մեղադրվելուց և ՔԿՀ-ից դուրս գալուց հետո ի՞նչ գործունեություն է ինքը ծավալում։ 24 news-ի խմբագիր Նարեկ Գալստյանը, ցույց տալով Անի Հովհաննիսյանի կադրը, ինձ ասում է`« էս խեղճ աղջիկն ա քեզ վիրավորել, որ դու իրան հարց ես տվել, մինչև հոգու խորքը վիրավորել ես, ինչի՞ ես հիշեցրել, որ ինքը բերդ ա նստել, գնացել ես, իմ լրատվամիջոցն ես խայտառակել», պատասխանեցի, որ հարցիս մեջ վիրավորանք կամ զրպարտություն չի եղել, նախկինում տեղի ունեցած փաստի վերաբերյալ եմ իրեն հարց տվել, ու էդ պահին մեկ անգամ ևս շեշտեցի, որ էդ ակցիայի մասնակիցներն են ինձ վիրավորել ու սպառնացել, ու իմ անվտանգությունը իր պատասխանատվության տակ է։ Նարեկ Գալստյանն ինձ պատասխանեց «Կարո՞ղ ա գիտես «ախրաննիկ» պիտի հետդ ուղարկեի, ինձ քո անվտանգությունը չի հետաքրքրում, կարաս գնաս ոստիկանություն կլյաուզնիկություն անես, գան ինձ ձերբակալեն, սրտիդ յուղ քսես»։
Անկեղծ եմ ասում՝ զարմանքից աչքերս չռվեցին, ասացի՝ կարո՞ղ ես ասածներիդ համար պատասխան տալ, ես որպես լրագրող իմ իրավունքները շատ լավ գիտեմ, տեղից վեր թռավ ու ձեռքը պարզելով իմ կողմ ինձ ասաց ՝ « ինձ հետ գողական բազարներ չանես, իմ վրա չգոռաս, էլի եմ ասում ախռանիկ չունեմ քեզ տալու», ես էլ պատասխանեցի, որ ես «գողական բազար չեմ տանում իրա հետ, օրենքից ու իմ իրավունքների պաշտպանությունից եմ խոսում», մի խոսքով էդպես բավականին թեժ վիճաբանություն տեղի ունեցավ, հետո ես թողեցի, դուրս եկա իր աշխատասենյակից, եկա իմ աշխատասեղանի մոտ ու հավաքելով անձնական իրերս դուրս եկա խմբագրությունից ու աշխատանքից, որովհետև ի սկզբանե խոսել էինք նաև այն մասին, որ այլևս չենք կարող նման պայմաններում շարունակել համատեղ աշխատանքը։ Նշեմ նաև, որ սա արդեն երկրորդ անգամն էր, որ ինձ ուղարկում էին Նարեկ Մալյանի կազմակերպած կամ նրա մասնակցությամբ ակցիայի։ Առաջինը ամիսներ առաջ ԵՊՀ – ի մոտ էր, ակցիային էլ ուղարկելուց առաջ Նարեկ Գալստյանն ինձ ասել էր, որ իմ լրագրողական բնավորությունը հաշվի առնելով զգուշացնում է, որ սուր կամ քննադատող հարցեր հանկարծ չտամ»,- «Հրապարակին» պատմեց Դավթյանը։
Մենք նաև կապ հաստատեցինք « 24news»-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանի հետ՝ տեղի ունեցածի վերաբերյալ վերջինիս տեսակետը իմանալու համար, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ Դավթյանին հեռացրել է քաղակտիվիստ լինելու պատճառով․
«Ես այդ առիթով բացարձակապես մեկնաբանություն չունեմ, իրեն հեռացրել եմ ոչ կոմպետենտության պատճառով և քաղաքացիական ակտիվիստ լինելու պատճառով։ Ընդհանրապես ճիշտ չի, որ մարդը, որտեղ որ աշխատում է, այդտեղի․․․, լավ մի խոսքով, ինչ-որ է, անցած լինի։ Ես այդ առիթով մեկնաբանություն չունեմ։ Շնորհակալ եմ»,- ասաց Նարեկ Գալստյանը, քիչ անց նա իր ֆեյսբուքյան էջում թեմայի առնչությամբ գրառում կատարեց․
«Քանի որ առավոտից մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել են 24News-ի հետ համագործակցությունը դադարեցրած լրագրողի հետ կապված պատմությանը, ուզում եմ ասել առաջին ու վերջին անգամ հետևյալը: 1. Լրագրողը երբեք չպետք է դառնա քաղաքական ակտիվիստ: Որ պահին լրագրողը վեր է ածվում քաղաքական ակտիվիստի, դադարում է ծառայել իր մասնագիտությանը: 2. Ամենասարսափելին այն է, որ լրագրողն իր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ անցնում է կոռեկտության սահմանները և սկսում հեգնել կամ անձնական վիրավորանքներ հասցնել: 3. Անկախ դիմացինի նկատմամբ անձնական վերաբերմունքից, լրագրողն իրավունք չունի իր սուբյեկտիվ կարծիքը դարձնել մասնագիտական պարտականությունները կատարելու հիմնական մոտիվ: Հ.Գ. Այս թեմայով այլ մեկնաբանություն չեմ տալիս և չեմ էլ տալու»,- գրել է Գալստյանը։
Կորյուն Սիմոնյան