Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովը կքննի հասարակությանը հուզող բոլոր հարցերը. գումարվում է անդրանիկ նիստը
Advertisement 1000 x 90

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովը կքննի հասարակությանը հուզող բոլոր հարցերը. գումարվում է անդրանիկ նիստը

ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի անդամները որևէ անձի հրավիրելու կաշկանդվածություն չունեն: Հանձնաժողովը քննելու է ողջ գործընթացը: Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով քննիչ հանձնաժողովի՝հունիսի 4-ի անդրանիկ նիստին:

«Քննելու ենք Ապրիլյան պատերազմի մասին հասարակությանը հուզող բոլոր հարցերը: Օրակարգը կհաստատվի նիստի ժամանակ »,-ասաց Կարապետյանը:

Հարցին, թե հնարավոր է արդյոք նիստին հրավիրեն այդ գործողությունների ժամանակ երկրի նախագահին՝ նա նշեց, որ որևէ անձի հրավիրելու կաշկանդվածություն չունեն՝ անկախ նրանից անձը կլինի նախկին, թե ներկա պաշտոնյա:

Նա միևնույն ժամանակ նկատեց, որ չեն կարող անմեղության կանխավարկած խախտել և ասել, որ այս կամ այն պաշտոնյան մեղավոր է: Սակայն եթե անհրաժեշտություն առաջանա լսել որևէ մարդու, կարծում է, որ խնդիր չեն ունենա հրավիրել մարդկանց, այդ թվում Արցախի պաշտոնյաների: Նա կարծում է, որ Արցախի գործընկերները ևս շահագրգռված են Ապրիլյան պատերազմի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստանալու։ «Այս մասին նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակն է հայտարարել, այստեղ որևէ խնդիր չունենք։ Մենք բոլորս պետք է բացահայտենք ապրիլյանի հետ կապված հասարակությանը հուզող բոլոր հարցերը»,- ընդգծեց Տիգրան Կարապետյանը։

Պատգամավորը վստահեցրեց՝ այս հանձնաժողովի իմաստը միայն պատժելը չէ։ Նա նշեց, որ պատերազմի ժամանակ եղել են հերոսական էջեր, և մարդիկ կան, որոնք մինչ օրս գնահատված չեն: Պատգամավոր վստահեցրեց՝ քննելու են ողջ գործընթացը, թե ինչից եղավ և հետևություններ են անելու՝ ինչ անել, որ չունենանք կրկնություն:



Նման նյութեր