Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՅԴ-ի ֆլեշ մոբը՝ ՀԱԿ-ից երիտասարդին ծեծի ենթարկելու պատասխանատվությունն ստանձնելու թեմայով, ավելի լուրջ բանի մասին է, քան պատկերացնել կարելի է: Փաստացի, կուսակցությունը ստանձնում է պատասխանատվություն բռնության համար, ու դա քրեորեն պատժելի է: Դա տեղավորվում է քրեական օրենսգրքի, այլ ոչ թե «հայրական/դաստիարակչական/պատժիչ ապտակի» «կոնցեպտների» տակ:
Որքան որ դատապարտելի էր Հրայր Մարգարյանի դեմ հոգեբանական բռնության փաստը, տասնապատիկ դատապարտելի է ՀՅԴ-ի այս պահվածքը: Կարծես թե ավելի քան հարյուրամյա տարիքով կուսակցության իմաստնությունը պետք է բավականացներ, որ հենց իրենք անթույլատրելի համարեին հոգեբանական բռնությանը որևէ այլ կարգի, այդ թվում՝ ֆիզիկական բռնության հակադրումը:
Վերջերս ապագա իշխանության առանցք դառնալու հավակնությունը բարձրաձայնած կուսակցությունը պետք է հրաշալի իմանար, որ հետադիմական ուժը չի կարող ապագայի ուժ լինել: Իսկ բռնության դիմող ուժը ամենևին առաջադիմական չէ, ավելին՝ չի կարող համակրելի լինել: Ու բռնության հիմնավորումը տարբեր «սրբազան-ջիհադական» կոնցեպտների տակ որևէ լուրջ մարդու չի համոզելու:
Նոր իշխանությունների լեգիտիմությունն ու ձևավորման անվիճելի օրինականությունը այժմ առավել քան բոլորին, այդ թվում՝ ՀՅԴ-ին, պետք է ստիպեին թեկուզև Հրանտ Մարգարյանի դեմ տեղի ունեցածի պատժում հայցել բացառապես օրենքի շրջանակներում, բայց ոչ ինքնադատաստանով:
Ու հարց է ծագում՝ արդյո՞ք սեփական բռնությունն արդարացնելու այս «թալիբաջիհադական» հիմնավորումները օրգանական կապ չունեն վերջին ամսում հակահեղափոխության ձգտող ուժերի՝ բռնության այլ կոչերի հետ, երբ «թասիբով երևանցիներին ու հայաստանցիներին» կոչ էին անում երկրում հաստատել ռազմաքաղաքական դիկտատուրա, բռնության ենթարկել տարբեր փոքրամասնությունների ու իրավապաշտպանների հանդեպ, երկրում ստեղծել ինքնադատաստանների ու բռնության քաոս…
Սրանք անհերքելի միտումներ են, որոնք անցած ամսվա ընթացքում արձանագրվել են իմ կողմից ու ուզում եմ հասկանալ՝ ՀՅԴ-ն ստանձնո՞ւմ է պատասխանատվություն, որ ինքն էլ այս գծի մե՞ջ է»: