2020թ.-ին Հայաստանում նախատեսվում է ստեղծել ԱԱԾ ծառայողների ուսումնական կենտրոն:Այս մասին այսօր ԱԺ-ում` 2018թ-ի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Եթե մենք ունենանք ժամանակակից համալսարան, ապա միայն ենթակառուցվածքների վրա պետք է ծախսվի շուրջ 2 մլրդ դրամ: Բայց եթե համեմատություն ենք անում` 240 մլն դրամ տարեկան մենք ծախսում ենք մեր աշխատակիցների` արտասահմանում ուսումնառության համար: Այս պարագայում այդ 2 մլրդ դրամը շատ մեծ գումար չէ: Բացի այդ մենք կունենանք ավելի լավ պատրաստված աշխատակիցներ, ավելի լավ պատրաստված սպաներ, զերծ կմնանք ռիսկերից, որոնք կարող են ի հայտ գալ արտասահմանում մեր աշխատակիցների ուսման ընթացքում»,- ասաց Վանեցյանը` ԱԺ-ին խնդրելով աջակցել ԱԱԾ-ին ուսումնական կենտրոն ունենալու հարցում:
«Պարոն Ջավադյան, խնդրում ենք տրամադրել մեզ 2 մլրդ դրամ, որպեսզի կարողանանք մեր ուսումնական կենտրոնը կառուցել»,- ասաց Վանեցյանը` դիմելով քննարկմանը ներկա ֆինանսների նախարարին:
ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ ապագա ուսումնական կենտրոնի տեղն արդեն ընտրված է, մնում է լուծել ֆինանսավորման հարցը:
«Երբ ունենանք այդ ուսումնական կենտրոնը, այն կապահովի մեր երիտասարդների բարձրագույն կրթությունը, որն այսօր 5 տարով իրականացվում է ՌԴ-ում: Մեր հետախուզության աշխատակիցները, որոնք 2 տարով մեկնում են արտասահման սովորելու, այլևս չեն մեկնի և վերապատրաստումը կանցնեն ուսումնական կենտրոնում: Սահմանապահ զորքերի սպայական ողջ անձնակազմը, որոնք մեկնում են արտասահման վերապատրաստում անցնելու, չեն մեկնի և կանցնեն ՀՀ-ում»,- ասաց Վանեցյանը:
Նրա խոսքով` կենտրոնում լինելու է նաև հատուկջոկատայինների վերապատրաստման համար հատուկ միջոցներով ուսումնական միջավայր: