Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել.
«Ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ վերջին երկու շաբաթների ընթացքում գործադրված և հասարակական լայն արձագանք ստացած բռնության դեպքերը, դրանց առնչությամբ Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ գերագույն մարմնի այլ անդամների հայտարարությունները, ինչպես նաև սույն թվականի մայիսի 25-ին ՀՅԴ հրավիրած հանրահավաքում հնչած որոշ ելույթներ բացահայտեցին խիստ վտանգավոր հետևյալ իրողությունները․
1. Վարդան Հարությունյանի հետ կատարվածը եղել է նախապես ծրագրված, մանրամասն մշակված գործողություն, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ դժվար է բնութագրել։
2. ՀՅԴ ղեկավարները բաց տեքստով հայտարարում են, որ որպես քաղաքական պայքարի մեթոդ կրկին որդեգրում են ահաբեկչությունը և ինքնադատաստան են հայտարարում այն անձանց նկատմամբ, որոնք ունեն իրենց հայացքներից տարբերվող հայացքներ կամ իրենց դավանած արժեքներին չհամապատասխանող արժեքներ։
Այսպիսով, ապրիլյան հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանի քաղաքական կյանքում սպառնում է վերստին ծլարձակել 20-ամյա բռնապետության մեթոդաբանությունը, ինչը պետք է լուրջ ահազանգ լինի երկրի իշխանությունների, քաղաքական ուժերի և ամբողջ հասարակության համար։ Ցավով պետք է նշենք, որ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված առաջին բռնությանը իրավապահների պատշաճ արձագանքի բացակայությունը հանգեցրեց բռնության կրկնությանը։ Հուսով ենք, որ այժմ իրավապահ մարմինները կցուցաբերեն անհրաժեշտ հետևողականություն, ամբողջությամբ կբացահայտեն կատարված հանցագործությունը և պատասխանատվության կենթարկեն թե՛ կատարողներին, թե՛ պատվիրատուներին։
Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում պետք է բացառվեն ահաբեկչությունն ու բռնությունը։ Դրանց հետագա ծավալումը կանխելու համար, իշխանությունները պետք է շտապ և վճռական քայլերով արմատախիլ անեն այդ երևույթը»