ՀՀ ԿԲ-ն նոր հիփոթեքային մի քանի ծրագիր է դիտարկում։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
«Հիմա դրանք շրջանառվում են կառավարությունում: Վերջերս սոցապնախարարի հետ քննարկում եղավ, որ մարզերում երեխաներ ունեցող ընտանիքների պետական սուբսիդավորման չափն ավելացնենք: Հիմա դա քննարկման փուլում է, բայց վերաբերելու է բոլոր հիփոթեքային ծրագրերին` և՛ Ազգային հիփոթեքային հիմնադրամի միջոցով տրամադրվող վարկերին, և՛ երիտասարդ ընտանիքներին, և՛ երիտասարդ մասնագետներին տրամադրվող վարկերին»,- ասաց Ջավադյանը:
ԿԲ նախագահը նշեց, որ պետական սուբսիդավորման չափը քննարկվում է 0-1 տոկոսի տիրույթում: Դա պետության համար հավելյալ շուրջ 20 մլն դրամի ծախս է ենթադրում: Ծրագրի նպատակը, ըստ Ջավադյանի, ոչ թե ծնելիության խթանումն է, այլ բազմազավակ ընտանիքներին սոցիալապես աջակցելը:
«Որքան շատ երեխաներ ունենան, այնքան ավելի մեծ չափով կսուբսիդավորվեն: Կախված երեխաների քանակից, մարդիկ հնարավորություն կունենան ավելի քիչ տոկոսներ վճարել»,- ասաց ԿԲ նախագահը:
2018թ.-ին հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները 1.1 տոկոսով նվազել են: Ջավադյանը վստահեցնում է, որ նվազման միտումը կշարունակվի նաև այս տարի: