Արայիկ Հարությունյանը հերքում է ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձի զեղչերի չեղարկման հետ կապված լուրերը
Advertisement 1000 x 90

Արայիկ Հարությունյանը հերքում է ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձի զեղչերի չեղարկման հետ կապված լուրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հերքում է սոցցանցերում տարածված տեղեկատվությունը, թե ապրիլյան պատերազմի մասնակիցներին և այդ օրերին հերթապահություն իրականացրած անձանց ուսման վարձի համար նախատեսված զեղչը չեղարկվել է։ Կառավարության հերթական նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանը նշեց, որ ընթացակարգի համաձայն գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ բոլոր դիմումները հավաքագրվել են, փոխանցումներն էլ կատարվել։

Արայիկ Հարությունյանն ընդգծեց,  որ ըստ այդ հրապարակումների՝ բուհերում քաոսային իրավիճակ է և համատարած թույլ չեն տալիս, որ ապրիլյան պատերազմի մասնակիցները և մարտական հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննությունների: «Բայց մենք նույնիսկ  երկրորդ փուլ ենք հայտարարել  ապրիլյան պատերազմի այն մասնակիցների համար, ովքեր չէին հասցրել դիմել, և նրանք ևս ստացել են իրենց զեղչերը։ Չեմ բացառում, որ կարող են մեկ-երկու հոգի լինել, ովքեր չեն հասցրել դիմել, բայց նրանք ևս հնարավորություն ունեն դիմելու: Մենք անընդհատ ընդառաջում ենք, որ դիմեն»,-նշեց նախարարը։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մարդիկ կան, որ ուզում են երկրում քաոսային իրավիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային վիճակ է, լարված իրավիճակ է, ներքաղաքական անկայունություն է:  «Սա նույն շղթայի տարբեր օղակներն են: Սա արդեն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, հիբրիդային պատերազմ Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է: Այսինքն լավ հասկացանք՝ մեկ, երկու, երեք, չորս: Այսինքն, այս գող ավազակները պետք է իրենց այս երկրում լավ զգա՞ն: Դրանք պետք է մայթերի տակով մասկիրովկայով քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է, և լրջորեն զբաղվեք դրանով»,- եզրափակեց վարչապետը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ գիշերը այդ հրապարակումները տեսնելուց հետո դրանցում  նշված երկու բուհերի ռեկտորների հետ է կապվել, նրանք ասել են, որ նման տեղեկություններ չունեն:

ՀՀ վարչապետն արձանագրեց, որ կառավարությունը չի չեղարկել ապրիլյան պատերազմի մասնակիցների և այդ օրերին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը  զեղչելու որոշումը: Նրա խոսքով՝ կարող են լինել մարդիկ, ովքեր ընթացակարգը չգիտեն, չեն հասցնում ժամանակին դիմել: «Բայց այդ մարդիկ, եթե նույնիսկ ժամանակին չեն դիմել, թող հիմա դիմեն»,- ասաց նա:



Նման նյութեր