Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում և քննարկվել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։ Այս մասին հունիսի 6-ին Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը շատ կարևոր միջոցառում է, և մենք իսկապես կարծում ենք, որ նման միջոցառումներին մեր մասնակցությունը ամենաբարձր մակարդակով ապահովելը շատ կարևոր է մեր առաջնահերթությունների համար։ Բացի դրանից և բոլոր ծրագրային հանդիպումներից, որ տեղի կունենան վաղը, այսօր վարչապետը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա կանոնավոր հանդիպումների շարքում է։ Վերջերս նույնպես Նուր-Սուլթանում տեղի ունեցավ երկկողմ աշխատանքային հանդիպում Պուտինի հետ, և այսօր արդեն՝ պաշտոնական հանդիպում։ Անդրադարձան երկկողմ օրակարգի բոլոր հարցերին, մասնավորապես՝ տնտեսական համագործակցությանը։ Խոսք եղավ նաև ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի վերաբերյալ, և կողմերն ընդգծեցին նախ դրա արդյունավետ շարունակությունը, նաև ամփոփեցին այն ձեռքբերումները, արդյունքները, որ վերջին հանդիպումների ժամանակ պայմանավորվածությունների արդյունքում իրականացվեցին»,- ասաց Կարապետյանը։
Վարչապետի մամուլի խոսնակը նշեց, որ ԼՂ հակամարտության հարցին անդրադարձ եղել է, սակայն հարցերը վերաբերել են հիմնականում տնտեսական օրակարգին։ «ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ մանրամասն քննարկում չի եղել, պարզապես նշվել է, որ կա ընդհանուր ըմբռնում այս խնդրի վերաբերյալ»,- նշեց մամուլի խոսնակը։
Կարապետյանի խոսքով՝ հանդիպումն անցել է շատ բարեկամական մթնոլորտում։ «Մթնոլորտը շատ բարեկամական էր, կողմերը տրամադրված էին լուծումներ տալ բոլոր այն հարցերին, որտեղ կա հետաքրքրություն։ Եվ հանձնարարականներ տրվեցին նաև թե միջկառավարական հանձնաժողովին՝ շարունակելու աշխատանքները, թե հատուկ խմբեր ձևավորելու՝ նաև այլ հարցերի շուրջ, որտեղ կա կոնկրետ արդյունքներ ձեռք բերելու անհրաժեշտություն»,- ասաց նա։