Զախարովան սուր քննադատության է ենթարկել «Էխո Մոսկվի» ռադիոկայանում տեղի ունեցած տհաճ միջադեպը, որից հետո Մարգարիտա Սիմոնյանին ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր կարծիքն է հայտնել «Էխո Մոսկվի» ռադիոկայանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի արդյունքում RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որը սպասում է երրորդ երեխային, հոսպիտալացրել են։
«Սոբոլը կենդանի է։ Իսկ հիմա փորձեք հակառակն ապացուցել», – հայտարարել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջում։
Հունիսին 6–ին Սիմոնյանը հաղորդել է, որ մասնակցել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերին, որտեղ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» իրավաբան, «Նավալնի LIVE» YouTube–յան ալիքի պրոդյուսեր Լյուբով Սոբոլը սպասել է նրան։ Նա միացրած տեսախցիկով սկսել է հարցեր տալ Սիմոնյանին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի մասին։
Նա հրաժարվել է մեկնաբանություն տալ` հայտարարելով, որ հարցազրույցի մասին պետք է պայմանավորվել իր մամուլի ծառայության միջոցով։ Բայց դա չի կանգնեցրել Սոբոլին, որը շարունակել է հետապնդել Սիմոնյանին։
RT գլխավոր խմբագիրը ստիպված է եղել խնդրել ռադիոկայանի աշխատակիցներին հեռու տանել համառ կնոջը։ Դրանից հետո Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել է, և նրան հոսպիտալացրել են։
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը ներողություն է խնդրել Սիմոնյանից և շուտափույթ ապաքինում մաղթել նրան։
Հայտնի է, որ Սոբոլը ներկայացրել է փաստաթղթերը` որպես Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում թեկնածու։