Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ աշխարհում հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցի՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում ներկայացվեցին Կոմիտասի կյանքին, գործունեությանը վերաբերող գրականության հարուստ հավաքածուն, տպագիր նոտաներն ու լուսանկարները:
«Գրադարանը ոչ միայն գրապահոց է և ընթերցարան, այլև մշակութային, գիտական և կրթական շատ կարևոր հաստատություն: Երբ ստանձնեցի գրադարանի տնօրենի պարտականությունները, իմ առաջ դրեցի գրադարանը Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը դարձնելու խնդիրը, և մենք, բնականաբար, չէինք կարող շրջանցել Կոմիտասի 150-ամյակը: Սակայն ինձ համար շատ ցավալի է, որ, ունենալով մատենագիտության բաժին, չունենք Կոմիտասի մատենագիտությունը: Թեպետ հոբելյանական տարում չենք հասցնի այդպիսի մատենագիտություն կազմել, քանի որ դա տևական աշխատանք է պահանջում, բայց կարևոր է ունենալ այն: Մատենագիտության մեջ պետք է արտացոլվեն Կոմիտասին վերաբերող գրականությունը, մամուլում և առհասարակ նրան անդրադարձները»,-նշեց գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը:
Նա շեշտեց, որ գրադարանի մշակութային քաղաքականության ուղղություններից է մարդկանց ամեն կերպ գրքին, գրին, տպագրությանը կապելը և այդ առումով կարևոր է, որ գիրը, տառերը նոտաները ոչ միայն նիրհեն գրքերում, այլև հնչեն ու ներկայացվեն հանրությանը: