Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով հեռարձակվելուց 3 ամիս անց «ԿօօԿօօՌօօզ» նախագծի առաջին եթերաշրջանն ավարտվեց։ Հումորային նախագծի վերջին երկու թողարկման ընթացքում հաղորդման ռեալիթի հատվածում շեշտադրված էին համացանցային մեկնաբանություններն ու արձագանքները։ Օրինակ, որ նախագծում արված հումորը վատ է ազդում երեխաների վրա, դերասանները, երբեմն, չափն անցնում են, նախագիծն ուսուցողական չէ և այլն։ Ըս այդմ՝ պրոդյուսեր Վաչե Թովմասյանը որոշում է հաղորդումը փակել, իսկ բոլոր նրանք, ովքեր դեմ էին նախագծին հաշվեհարդար են տեսնում «ԿօօԿօօՌօօզ»-ի հերոսների հետ և սպանում նրանց։
Tert.am Life-ը կապ է հաստատել նախագծի պրոդյուսեր Վաչե Թովմասյանի հետ՝ պարզելու արդյոք «սպանված հերոսներն» ազդարարում են, որ նախագիծը շարունակություն չի ունենա: «Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ դեռ եթերաշրջանն է ավարտվել, դեռ չենք որոշե՝լ նախագիծը շարունակություն կունենա՞, թե՞ ոչ։ Ի սկզբանե որոշված էր, որ լինելու է 12 հաղորդում, եթեր է հեռարձակվելու 3 ամիս: Նախագիծը ժամանակից շուտ չենք ավարտել,մեր ծրագրած ձևով գնացել ենք առաջ»,- ասաց պրոդյուսերը՝ հավելելով, որ այս ամիսների ընթացքում առնչվել է նոր բարդությունների հետ։ Կոնկրետ դժվարությունների մասին խոսել Վաչեն չցանկացավ՝ նշելով, որ ավելի շատ միջոցներ ու ժամանակ ունենալու դեպքում հնարավոր էր ավելի լավ բաներ անել։
«Անկախ ամեն ինչից, մենք փորձել ենք որակն իր տեղում պահել։ Մի շատ կարևոր բան կա, իմ թիմում բոլորը մեծ սիրով են արել իրենց գործը։ Առհասարակ, շատ հետաքրքիր ու բարի մթնոլորտում ենք աշխատել, առանց լարվածության»,- ասաց Վաչեն։
Ինչ վերաբերում է վերջին հաղորդման սցենարին, որում պրոդյուսերը խոստովանում է, որ հեռուստադիտողները, որոնք իրենց հումորը վատն են համարում, ճիշտ են, Վաչեն ասաց․ «Ես չեմ ուզում դրա հետ կապված մեկնաբանություն տալ, քանի որ երբ հումորը մեկնաբանում ես, իր արժեքն ու տողատակերը կորցնում է։ Ես ուզում եմ, որ այդ ամենը մնա հեռուստադիտողների ընկալմանը։ Դրա մեջ կա՞ր հեգնանք, թե՞ ոչ, թող հեռուստադիտողները գուշակեն»։
Վաչեի խոսքով՝ «ԿօօԿօօՌօօզ»-ը հեշտ նախագիծ չէր ըստ նրա, մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատել են հեռուստատեսային ոլորտում, գնահատում են այն։
«Իմ ընկերները, որոնք սիրում են այդ նախագիծը, երկար տարիներ զբաղվել են հումորով կամ խորացած են այդ ամենի մեջ և իրենք, իմանալով կատարված աշխատանքի, բարդությունների մասին, հավանում են այն։ Շատերին էլ դուր չի գալիս նախագիծը, որովհետև ուրիշ տեսակի հումոր է դրված, հատկապես, ռեալիթի հատվածում։ Ես նախագիծը համարում եմ հաջողված, որովհետև այն քննարկվեց, եթե անեմ մի բան, որը ոչ ոքի հետաքրքիր չի, ինչ-որ միջին մի բան է, ինքս կհամարեմ, որ ինձ մոտ չի ստացվել։ Կարևորում եմ սուր բևեռացումը՝ մարդիկ կամ շատ են սիրում, գժվում են, կամ չեն սիրում, իրենց համար մեր արածն ահավորություն է։ Նման հակադիր կարծիքների ու քննարկումների դեպքում համարում եմ, որ նախագիծը ստացված է և «ԿօօԿօօՌօօզ»-ն իմ այդ նախագծերից է»,- ասաց Վաչեն։
Ավելի մանրամասն՝ life.tert.am