Երևանում հունիսի 7-ին ցուցադրվել է Mezzo TV-ի նկարահանած «Դիրիժորի դիմանկարը» վավերագրական ֆիլմը։ 25 րոպե տևողությամբ ֆիլմը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դիմանկարն է, որը պատկերում է երաժշտի անցած ուղին՝ 18 տարեկանում առաջին համերգից մինչև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունն ու Սերգեյ Սմբատյանի ելույթները բազմաթիվ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ և բեմերում։ Սերգեյ Սմբատյանն առաջին հայ դիրիժորն է, ում մասին Mezzo հեռուստաալիքը նկարահանել է վավերագրական ֆիլմ:
Դիրիժորը պատմում է, թե ինչպես առաջին անգամ 18 տարեկանում կանգնեց դիրիժորական վահանակի առաջ և հասկացավ, որ դիրիժորությունը իր երազանքի մասնագիտությունն է:
Ֆիլմը նկարահանվել է 2018թ. Գերմանիայում, որտեղ Սերգեյ Սմբատյանը գտնվում էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` հռչակավոր Բեռլինի ֆիլհարմոնիայում համատեղ համերգով հանդես գալու նպատակով։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, ֆիլմը ներկայացնելու համար Հայաստան է ժամանել Mezzo TV-ի համագործակցության և զարգացման գծով մենեջեր Կոնստանս Պանքրազին։ Կոնստանս Պանքրազին նախ ներկայացրել է Mezzo հեռուստաընկերությունը, նրա գործունեությունը։ Mezzo-ի հեռուստաբովանդակությունը տարածվում է աշխարհի ավելի քան 60 երկրում։ Mezzo-ն աշխարհով մեկ ավելի քան 60 միլիոն բաժանորդ ունի։
«Մենք ուրախ ենք համագործակցել Սերգեյ Սմբատյանի հետ, ուրախ ենք նաև վավերագրական ֆիլմ նկարահանել նրա մասին, ով դիրիժորական արվեստում ներգրավված է 18 տարեկանից։ Mezzo-ի պարտականությունն է աշխարհին ցույց տալ նոր տաղանդավոր արտիստներին, որոնք արժանի են դրան։ Ֆիլմը, որտեղ ներկայացված է Սերգեյ Սմբատյանը, ցուցադրվել է 60 երկրներում, և հինգ տարի շարունակ պետք է ներկայացվի»,- ասել է Կոնստանս Պանքրազին։