Արաբկիր. դպրոցի մարզադաշտի տակ առանց թույլտվության երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվել
Advertisement 1000 x 90

Արաբկիր. դպրոցի մարզադաշտի տակ առանց թույլտվության երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվել

Ինչպես արդեն ներկայացրել էինք, Երևանում, Կոմիտաս 15 հասցեում, բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարությանն առնչվող քրեական գործ է հարուցվել:

Խնդրին անդրադարձել է քաղաքապետարանը, մասնավորապես նշելով:

Կոմիտասի 15 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքն ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում հայտնվեց հաստատված նախագծից ակնհայտ շեղումների պատճառով: Կառուցապատողը զավթել էր հարակից համայնքային հողատարածքները, այդ թվում՝ մայթը:

«Տարբեր իրավախախտումների համար տվյալ կառուցապատողը 3 անգամ տուգանվել է մինչև 2.5 մլն դրամի չափով»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը:

Դեռ այն ժամանակ կառուցապատողը պարտավորվեց սեփական ուժերով վերացնել թերություները: Աշխատանքները սկսվեցին, բայց անավարտ մնացին: Ավելին՝ տնտեսվարողը փորձում էր ընդլայնել իր գործունեությունը մայթի հաշվին:

Քաղաքապետարանը ստիպված էր քայլեր ձեռնարկել սեփական միջոցներով:

«Մայթը նեղանում էր նախնական նախագծից ևս 3 մետրով և ինչի՞ համար, որ դիմացի մի քանի տնտեսվարողների համար ստեղծվեն ավելի հարմարավետ պայմաններ: Մենք ստիպված եղանք որոշում կայացնել և սկսեցինք զավթած տարածքը վերադարձնել, ապամոնտաժել երկաթե կոնստրուկցիաները և ազատել մոտ 3 մետր հատվածը, որը շուտով կբարեկարգենք»,- ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

Առաջիկայում Երևան համայնքը դատական կարգով կառուցապատողից հետ կգանձի քանդման և բարեկարգման գումարները:

Արտաքնապես երևացող այս խնդիրների կողքին Կոմիտասի 15 շենքում բացահայտվեց ևս մեկ՝ այս անգամ խոշոր խախտում: Նույն կառուցապատողը շենքը սահմանազատող պարսպի ետևում՝ դպրոցի մարզադաշտի տակ, առանց որևէ իրավական հիմքի երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվել:

Դպրոցի աշխատակիցները շինարարության ընթացքին հետևել են, նկատել, որ ինչ-որ բան այն չէ, սակայն մանրամասներին չեն տիրապետում:

«Արդեն իսկ նկատելի է, որ մարզադաշտն իր իրական չափերից ավելի փոքր է: Բացի այդ, մեր բակային տարածքն էլ նորակառույց շենքի աշխատակիցների կողմից օգտագործվում է որպես ավտոկայանատեղի»,- պատմում է դպրոցի տնտեսվար Ռոբերտ Աթաբեկյանը:

Օրերս քաղաքապետարանը ոստիկանությունից գրություն ստացավ այն մասին, որ Կոմիտասի պողոտայի 15 և 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար ձևակերպված ավարտական ակտի ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի 1-ին մաս) հարուցվել է քրեական գործ: Մանրամասները կպարզի նախաքննությունը:

«Քանի որ դպրոցը գտնվում է պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, նրանք կպատվիրեն չափագրումներ և կհստակեցվի ապօրինի տնօրինվող տարածքների իրական ծավալները: Հետագայում տարածքը կանցնի կոմիտեի հաշվեկշիռ, որից հետո միայն պարզ կլինի, թե ինչպե՞ս կտնօրինվի այն»,- նշում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը:

Երևանի քաղաքապետարան