Աշխարհի չեմպիոն, Գինեսի հայ ռեկորդակիր Յուրի Սաքունցն օրերս է հաղթանակով վերադարձել Ուկրաինայի Լուցք քաղաքում ընթացող ուժային եռամարտի աշխարհի առաջնությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Սաքունցը հայտնեց, որ մրցույթին մասնակցում էին 30 պետության 700 մարզիկ։
«Հերթական անգամ Հայաստանի դրոշը բարձրացրի` որպես աշխարհի չեմպիոն։ Ուզում եմ ես էլ այս կերպ պիտանի լինել Հայաստանին, որպեսզի նաև իմ միջոցով Հայաստանի մասին իմանան»,– ասաց Յուրին։
Սաքունցի մոտ ուժային կարողություններն ի հայտ են եկել մանկուց. նա 6 տարեկանից ծննդավայր Չարենցավանում ըմբշամարտով է զբաղվել, իսկ եռամարտով երեք տարի է զբաղվում։ Խոստովանում է` դպրոցում բավականին չարաճճի է եղել, ուսուցիչները մշտապես բողոքել են նրանից։ Սակայն «իրավիճակ է փոխվել»` Սաքունցը վերջերս հաճելիորեն զարմացել է, երբ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո դպրոցում նրա պատվին միջոցառում է կազմակերպվել, և ուսուցիչներն էլ սկսել են գովեստի խոսքեր ասել։
Սաքունցը նշում է, որ յուրաքանչյուր ռեկորդ սահմանելիս մեկ տարով իր կյանքը երկարում է, ու հիմա արդեն 15 տարով երկարել է այն։ «Ծնողներս, հատկապես` մայրս, մարզումներիս հետ կապված մտավախություն ունեն, որովհետև ամեն անգամ, երբ ռեկորդ եմ սահմանում, գնում ու ոտքից գլուխ բուժվում եմ։ Վնասվածքներից խուսափելն անհնար է։ Մայրս երբեք ներկա չի լինում իմ մրցումներին»,–պատմեց Յուրին։
Նա այժմ սովորում է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում, և մարտի սկզբին նա նոր ռեկորդ սահմանեց` ատամներով 15 մետր քաշելով 25 տոննա կշռող հրշեջ մեքենան։ Նրա խոսքով` ատամների ամրությունն ի վերուստ է իրեն տրված և, բարեբախտաբար, դեռ ոչ մի ատամ չի կորցրել այս ընթացքում։ Մարզիկն ասում է, որ ցանկություն ունի ինքնաթիռ քաշել ու նոր ռեկորդ սահմանել, ինչի համար, սակայն, պետության կամ որևէ մեկի հովանավորչությունն է պետք, քանի որ դրանից հետո իրեն բուժումներ են անհրաժեշտ լինում։
Յուրին քաշելու վարժության մարզումների համար իր և ընկերների մեքենաներով է մարզվում. ընկերներով հավաքվում են, ընտրում հարթ տարածք, ու Յուրին գործի է անցնում։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ արտասովոր ուժի կարողությունը երբեմն–երբեմն հենց Յուրիին է օգնության հասնում։ «Եղել են ժամանակներ, որ մեքենաս փչացել ու ճանապարհին է մնացել, ես էլ հրել եմ այն բավական երկար տարածություն։ Հաճախ նաև ուրիշներին եմ օգնել. ինձ ճանաչողները սովորաբար մի կողմ են քաշվում, որ մենակ հրեմ»,–ասում է մարզիկը։
Նա երբեք իր ուժը դրսում ի ցույց չի դնում, հարցեր պարզելուն բռունցքներով չի մասնակցում։ Նրա խոսքով` սպորտն ինքնապաշտպանություն է դաստիարակում, և լավ սպորտսմենն իր ուժը դրսում երբեք ցույց չի տալիս, քանի որ ինքնահաստատման կարիք չի զգում։ Յուրին առողջ ապրելակերպ է վարում` չի ծխում, չի խմում, փորձում է քիմիական հավելումներով սնունդ չուտել։
Յուրին, ի դեպ, ապրիլյան քառօրյայի մասնակից է։ Նա ծառայության մեջ էր, երբ մեկնարկեց պատերազմը, բայց մարզիկը համեստորեն շրջանցում է այս թեման։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am