Հայաստանը կկարողանա հետևել ջրային պաշարների հոսքերին տիեզերական արբանյակների միջոցով
Advertisement 1000 x 90

Հայաստանը կկարողանա հետևել ջրային պաշարների հոսքերին տիեզերական արբանյակների միջոցով

Համաշխարհային բանկը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության և հատկապես Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ունեցած բազմամյա համագործակցությունը, քանի որ այստեղ համընկնում են բոլոր կողմերի նպատակները՝ գյուղացու համար ապահովել արդյունավետ ոռոգում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Ջրային պետական տնտեսության մամուլի ծառայությունից, այս մասին ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների ավագ մասնագետ, ծրագրերի իրականացման թիմի ղեկավար Ուինսթոն Յունը:

«Հատկապես ուզում եմ նշել ՋՏՊԿ ԾԻԳ-երի հետ ունեցած մեր աշխատանքը, որը գոհացուցիչ է ոչ միայն արդյունավետության առումով, այլև գործելաոճի: ՀԲ-ի համար շատ կարևոր է, որ իրականացված նախագծերն ընդունելի լինեն համայնքների համար և ստանան դրանց աջակցությունը: Գեղարդալճի ինքնահոս համակարգի ներդրման ընթացքում բոլորս ականատես եղանք Գողթ և Գառնի համայնքների բնակիչների դժգոհությանը: Այս ընթացքում ՋՏՊԿ մասնագետների գործելաոճն ուղղակի կարող եմ բնութագրել որպես օրինակելի՝ շատերի համար: Այն պատրաստակամությունը, որ դրսևորեցին մասնագետները համայնքի ներկայացուցիչների առարկություններն ու առաջարկները լսելու ուղղությամբ, ինչպես նաև՝ դրանք հետագա աշխատանքներում հաշվի առնելու առումով, խոսում են բարձր արհեստավարժության մասին»,- ասել է նա:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանին ներկայացնելով Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի իրականացման հետագա ընթացքը` ՀԲ պաշտոնյան տեղեկացրել է, որ Գողթ և Գառնի համայնքների ներկայացուցիչների առարկությունները քննարկվել են ՀԲ անկախ ստուգող հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի եզրակացության մեջ ներառված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկներն ու դիտողությունները:

Անդրադառնալով ջրային ոլորտի օրենսդրությանը՝ Ուինսթոն Յունը նշել է, որ աշխատել է բազմաթիվ երկրներում և կարող է վստահորեն ասել, որ ՀՀ օրենսդրությունը օրինակելի կարող է դառնալ բազմաթիվ երկրների համար:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեի աշխատանքը բարձր գնահատելու համար և կարևորել է Համաշխարհային բանկի հետ իրականացվող աշխատանքները: Չնայած այս ամենին՝ Արսեն Հարությունյանը համոզված է՝ ոլորտը բարեփոխման կարիք ունի.

«Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն երկուսը. Նախ՝ ազատվել կրկնվող գործառույթներ իրականացնող բոլոր տեսակի կառույցներից և ապահովել ոլորտի արդարացի օպտիմալացում, երկրորդ՝ գյուղացու համար ապահովել անխափան ջրամատակարարում: Ես համոզված եմ՝ այս երկու պայմանների իրագործման դեպքում շատ հարցեր կկարգավորվեն ինքնաբերաբար: Անգամ վարձավճարների հավաքագրման հարցը: Երբ գյուղացին տեսնի, որ իրեն պատշաճ մակարդակի ծառայություն են մատուցում, կվճարի դրա համար, հատկապես, եթե այս հարցում բացառություններ չլինեն»,- ասել է Արսեն Հարությունյանը:

Ըստ ՋՏՊԿ նախագահի՝ ծրագրեր են մշակվում չհաշվառվող ջրի և ջրակորուստների ծավալները վերահսկելու, ինչպես նաև՝ էլեկտրախնայողության ուղղությամբ:

Այս կապակցությամբ Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ մասնագետ, ծրագրի իրականացման թիմի համաղեկավար Արուսյակ Ալավերդյանը տեղեկացրել է, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը արբանյակների միջոցով կեսդարյա ժամանակային կտրվածքով, ինչպես նաև՝ ընթացիկ ժամանակում ջրային հոսքերին հետևելու լավ փորձ ունի: Այս ծառայությունից օգտվում են աշխարհի շատ երկրներ: Այս տարի, ՀԲ հայաստանյան ծրագրերի իրականացման թիմի ջանքերով, Հայաստանը ևս ընդգրկվել է այն երկրների շարքում, որոնք կարող են օգտվել Եվրոպական տիեզերական գործակալության արբան յակներից՝ անվճար հիմունքներով:



Նման նյութեր