Սոցիալական կայքերում անվտանգության ապահովումը կրկին դարձել է շատ կարևոր թեմա, և հատկապես՝ Հայաստանում:
Այն, որ սոցցանցերում, հատկապես՝ Facebook-ում, պետք է զգույշ լինել անձնական տվյալների հետ, ասվում է արդեն մի քանի տարի շարունակ, սակայն օգտատերերի մեծ մասն այդպես էլ չի կարևորում անվտանգությունը և նախընտրում է արագ և հեշտ լուծումները:
Արդյունքում՝ մի շարք հայաստանյան ֆեյսբուքյան էջեր հայտնվում են ադրբեջանական հաքերային կազմակերպությունների թիրախում: Տեղեկատվական անվտանգության մասնագետները բարձրաձայնում են, որ վերջերս հայկական էջերը կոտրելու և յուրացնելու մի շարք փորձեր են արվել, որոնք մեծամասամբ ավարտվել են հաջողությամբ:
Ամենաթարմ օրինակներից է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի թվիթերյան էջը կոտրելը:
Հարց է առաջանում, թե ի՞նչ անել այս դեպքում և ինչպե՞ս պաշտպանել սեփական հաշիվները:
Ի՞նչ է առաջարկում Facebook-ը
Սոցիալական ցանցը, որը երբեք աչքի չի ընկել օգտատերերի անձնական տվյալների ապահով պահպանմամբ, առաջարկում է անել ստանդարտ քայլեր՝
- Պաշտպանել գաղտնաբառը
- Ոչ ոքի չհաղորդել անձնական տվյալները, կամ՝ մուտքանունն ու գաղտնաբառը
- Չընդունել այն մարդկանց ընկերության առաջարկները, ում անձամբ չեք ճանաչում
- Զգուշանալ վտանգավոր ծրագրային ապահովումներից
- Երբեք չանցնել տարօրինակ և անծանոթ հղումներով, անգամ, եթե դա ուղարկել է ձեր մտերիմ ընկերը կամ ծանոթը
- Օգտագործել անվտանգության լրացուցիչ միջոցներ
Վերջին կետի մասին ավելի մանրամասն խոսել ենք տեղեկատվական անվտանգության ոլորտի բլոգեր, ծրագրավորող Սամվել Հայրապետյանի հետ:
«Անվտանգության լրացուցիչ միջոցներ» ասելով՝ սոցիալական ցանցն առաջին հերթին՝ նկատի ունի երկփուլային անվտանգությունը, որը չի թողնում օտար մարդկանց և համակարգերին մուտք գործել ձեր անձնական հաշիվ՝ մինչև ձեզնից լրացուցիչ անձնական կոդ չակտիվացնելը: Սոցիալական ցանցն ամեն անգամ նոր կոդ է ուղարկում այն համարին, որի վրա գրանցված է էջը, ինչպես նաև սմարթֆոնի հասանելի չլինելու դեպքում, նախապես առաջարկում է պահպանել մի շարք ռեզերվային կոդեր, որոնք հնարավոր է կիրառել հետագայում:
Սամվել Հայրապետյանը նշում է, որ հատկապես վերջերս հայկական էջերը սոցցանցերում թիրախավորված են:
«Վերջերս Ադրբեջանն ակտիվացավ՝ Խոջալուի հիշատակի օրը, հետո՝ Շուշիի գրավման օրը, հետո՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։ Հիմա Ադրբեջանում 2 հաքերական խմբավորումներ են գործում ուղիղ մի նպատակով՝ պրոֆիլներ գողանալու։ Ապրիլ-մայիս ամիսներին ունեցել ենք ավելի շատ կորուստ, քան հունվարից մինչև ապրիլ ամիս»։
Սամվել Հայրապետյանը նշում է, որ տարածաշրջանում հատկապես Հայաստանի համար է կարևոր ինտերնետային անվտանգությունը:
«Ինտերնետային անվտանգությունը ՀՀ-ում՝ ներառյալ Արցախում, ավելի կարևոր է, քան հարևան երկրների մոտ՝ մեկ պարզ պատճառով՝ մենք դեռ գտնվում ենք պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակում: Նույն խնդիրն էլ Ադրբեջանում է, պարզապես Ադրբեջանում կան հաքերական խմբավորումներ, որոնք չունեն կարիք թաքնվելու, քանի որ պետությունը նրանց կողքին է, և հենց այդ խմբավորումներն էլ զբաղվում են Ադրբեջանի քաղաքացիների ինտերնետային անվտանգությամբ՝ կրթելով, և այլն։
Իսկ եթե ավելի կոնկրետ, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի (ներառյալ՝ Արցախի Հանրապետության քաղաքացին) պարտավոր է հետևել ինտերնետային անվտանգության կանոններին, մասնավորապես՝ միացնել իրենց սոցիալական կայքերի երկփուլային անվտանգությունը (չմոռանալով վերցնել ռեզերվային կոդերը), սոցիալական կայքերը mail.ru-ից և մնացած այլ էլ.փոստ կայքերից տեղափոխել gmail, որտեղ ևս պետք է միացնել երկփուլային համակարգը, պետք է իրենց բոլոր սոցիալական կայքերում գրեն տարբեր գաղտնաբառեր, պետք է ամեն պատահած հղումներով չանցնեն և չբացեն, իսկ բացելուց հետո էլ չպետք է մուտք գործեն իրենց անձնական տվյալներով, կամ՝ գրանցվեն»։
Սամվել Հայրապետյանը նշում է, որ ադրբեջանական կողմի գլխավոր նպատակները երկուսն են: Առաջին հերթին՝ սոցկայքերի հաշիվները գողանալով՝ փորձում են ամեն տեսակի ինֆորմացիա գողանալ ՊՆ-ի, ՊԲ-ի ու ԱԱԾ-ի մասին: Երկրորդ՝ գողացված տվյալներն ադրբեջանական կողմը գործի է դնում, երբ պետք է որոշ ազդեցություն ունենալ Հայաստանի ներսում:
Օրինակ, Սամվել Հայրապետյանի խոսքով, 2016 թվականի ապրիլին ադրբեջանական կողմը կեղծ լուրեր էր տարածում Հայաստանում՝ ունենալով 40.000+ հայ օգտատերերի հաշիվներ:
«Այսինքն, ցանկացած հաշիվ պետք է Ադրբեջանին՝ պետք եղած ժամանակ օգտագործելու համար՝ անկախ տարիքից, սեռից և ընկերների քանակից։ Պետք է հիշել, որ սա արդեն 19-րդ ու 20-րդ դարերը չեն, պետք է հիշել, որ սահմանին կանգնած զինվորին հավասար՝ մենք պետք է նաև կիբերանվտանգության ոլորտում հզոր լինել, իսկ մեր ազգը պետք է մեդիագրագետ դառնա»։
Սամվել Հայրապետյանը նշում է նաև այն սխալները, որ անում են հայ օգտատերերը՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում:
«Մեր ազգի ամենամեծ սխալներից մեկն այն է, որ իրենք չեն հասկանում այս ամենի լրջությունը, չեն հասկանում, որ իրենցից յուրաքանչյուրի հաշիվը կարող է զենք դառնալ Ադրբեջանի ձեռքում։
Հայաստանում սոցկայքերից շատ սխալ են օգտվում, օրինակ՝ միմյանց են ուղարկում ինտիմ նկարներ, տեսանյութեր: Եթե այդ հաշիվն ընկնի հաքերի ձեռքը, հաքերն առաջինը հերթին այդ նկարներն ու տեսանյութերը վաճառելու է դարքնեթի 18+ ֆորումներում։
Մեր ազգի մեծ մասը շատ հեռու է մեդիագրագիտությունից, օրինակ՝ եթե իրենց էլփոստին գա նամակ, որ նրանց անհայտ բարեկամը Սաուդյան Արաբիայում մահացել է և իրենց է թողել մի քանի միլիոն դոլար, ապա նրանք կհավատան, կարձագանքեն ու նույնիսկ անձնական փաստաթղթեր կուղարկեն՝ անձնագիր և այլն՝ առանց հասկանալու, որ այդ անձնագրի տվյալով ինչ-որ մեկը կարող է անգամ միջազգային օրենքներ խախտել: Կամ, երբ ֆեյսբուքյան խմբերում գրում են արտասահմանում աշխատելու հնարավորության մասին, շատերը + են դնում՝ առանց հասկանալու, որ դա կարող է թրաֆիկինգի փորձ լինել:
Մեր ազգի մեծ մասը լուրջ չի վերաբերվում ինտերնետին ու այն պոտենցիալ վտանգներին, որոնք ինտերնետում ավելի շատ են, քան իրական կյանքում»։
Սիրարփի Աղաբաբյան