ՀՀ գլխավոր դատախազությունը նախորդ տարի իր հաշվեկշռից կրճատել է 29 ծառայողական ավտոմեքենա: 2018-ին դատախազության պահպանման ծախսերի համար պետբյուջեից նախատեսվել է 3 մլրդ 944 մլն 756 հազար դրամ, որից ծախսվել է 3 մլրդ 469 մլն 470 հազար դրամը: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախորդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Հմայակ Նավասարդյանը:
«Դատախազությունը 2018-ի պետական բյուջեից ֆինանսավորվել է մի շարք գործառույթների գծով: Դատախազության պահպանում ծրագրով 2018-ին նախատեսվել է 3 մլրդ 944 մլն 756 հազար դրամ, որից 3 մլրդ 469 մլն 470 հազար դրամը` շուրջ 88 տոկոսը նախատեսվել է աշխատավարձերի վճարման համար: Կարևորելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, պետական միջոցների նպատակային ծախսմանը որդեգրված քաղաքականությունը, դեռ 2018-ի հունիսին դատախազությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, նախապատրաստեց կառավարություն որոշում, որով դատախազության հաշվեկշռից կրճատվեց 25 ծառայողական ավտոմեքենա: Ընդհանուր առմամբ 2018-ին դատախազությունում կրճատման են ենթարկվել 29 ծառայողական ավտոմեքենաներ»,-ներկայացրեց Նավասարդյանը:
Մի շարք հոդվածներով, ինչպիսին են էներգետիկ ծառայությունները, կապի ծառայություները, ապահովագրական ծախսերը և այլն, ապրանքների և ծառայությունների նախատեսվածից ցածր գներով ձեռք բերելու արդյունքում առաջացել է շուրջ 74 մլն դրամի տնտեսում: Դա կառավարության համաձայնությամբ ուղղվել է թվով 44 աշխատակիցների, այդ թվում 24 դատախազների վերջնահաշվարկի գումարների և կոմունալ ծառայությունների վճարմանը:
Դատախազության պահուստային ֆոնդ ծրագրով 2018-ին նախատեսվել է 85 մլն 622 հազար դրամ, փաստացի ծախսը կազմել է 85 մլն 590 հազար դրամ` կատարողականը` 99.97 տոկոս: Դրանից շուրջ 80 մլն դրամն օգտագործվել է աշխատակիցներին խրախուսում, պարգևատրման համար: Լրացուցիչ կրթության ուսուցման գծով պետական պատվեր ծրագրով նախատեսվել է 17 մլն 66 հազար դրամ, որը ծախսվել է 100 տոկոսով: